«Երևան-իմ սեր» ծրագրի շրջանակում կվերականգնվեն Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերը

«Երևան-իմ սեր»  ծրագրի շրջանակում կվերականգնվեն Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերը

PanARMENIAN.Net - «Երևան-իմ սեր» բարեգործական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման աշխատանքներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և EURASIA HOUSE-ի հիմնադիր և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ընթացքում։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ծրագրի պատասխանատուներ:

Բարձր գնահատելով մայրաքաղաքը բարետես, ներկայանալի, նաև ներդրումային առումով գրավիչ դարձնելու քաղաքապետի նախաձեռնությունները՝ EURASIA HOUSE-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության սահմաններում աջակից լինել ձեռնարկվող ծրագրերին: Նա քաղաքապետին է ներկայացրել Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման ծրագրի մանրամասները, համաձայն որի` ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերը կծառայեն որպես կենտրոններ` լսողության խնդիրներ ունեցող երեխաների և միայնակ մայրերի համար։

Տարածքում կլինի նաև համայնքային նշանակության կառույց: Շենքերի վերականգնումից բացի՝ ծրագրով նախատեսվում է նաև եկեղեցու և շենքերի շրջակա տարածքների բարեկարգում և այգու հիմնում, որը, որպես հանգստի գոտի, կծառայի նաև շրջակայքի բնակչությանը։ Նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված են, և ծրագիրը պատրաստ է մեկնարկի:

Գնահատելով բարեգործական կազմակերպության նախաձեռնած ծրագիրը՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ նաև գործարար առաջարկությունների համար` ներկայացնելով այդ դաշտում հնարավոր համագործակցության ոլորտները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---