Մարդու իրավունքների եվրադատարանում կա սեփականության իրավունքի խախտման մոտ 20 գործ Հայաստանից

Մարդու իրավունքների եվրադատարանում կա սեփականության իրավունքի խախտման մոտ 20 գործ Հայաստանից

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ըստ իր հրապարակած ժամանակացույցի 50-օրյա լռությունից հետո անդրադարձել է սեփականության իրավունքի խնդիրներին: Կարեն Անդրեասյանը նշում է, որ այդ խնդիրները կարելի է մի քանի խմբի բաժանել:

«Առաջին խմբում առանձնացնենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ ուղղված բողոքները, որոնք վերաբերում են դատական ակտերով ճանաչված իրավունքները չգրանցելուն, ժառանգության իրավունքների գրանցումները տարբեր պատճառաբանություններով մերժելուն, անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելուն: Այս խմբի գործերում մարդու սեփականության իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտումները կրկնվում են տարիներ շարունակ: Առանձին դեպքերում Պաշտպանի գրասենյակի համառ միջամտությամբ հաջողվել է ստանալ դրական արդյունք, սակայն նույնատիպ խախտումների պարբերական կրկնությունը վկայում է համակարգային հիմնախնդրի առկայության մասին:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին առնչվող բողոքներից անդրադառնանք բնորոշ մեկ, բայց ոչ միակ օրինակին: Ըստ Վլադիմիր Ենոքյանի, նա դիմել է Երևանի քաղաքապետարան՝ տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սեփականաշնորհման խնդրանքով: Երևանի քաղաքապետի որոշմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշի տարածքային ստորաբաժանումը ոչ միայն չի կատարել քաղաքապետի որոշումը և չի տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, այլ նաև գրավոր չի պատասխանել նրան: Պաշտպանի գրասենյակն այժմ զբաղվում է Վլադիմիր Ենոքյանի սեփականության խախտված իրավունքի վերականգնման հարցով:

Խնդիրների մյուս խումբը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից դատարանի վճիռների չկատարման դեպքերին: Մարդու իրավունքների նախորդ պաշտպանը ևս առնչվել է այս խնդրին. դրա ապացույցն է Պաշտպանի գրասենյակում այս խմբի նույնատիպ, հաճախ նաև չլուծված գործերի առկայությունը:

Այս կապակցությամբ հարկ եմ համարում հատուկ հիշեցնել պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի համաձայն, պաշտոնատար անձի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռը, դատավճիռը կամ այլ դատական ակտը դիտավորությամբ չկատարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Նման կոպիտ իրավախախտման մեկ հատկանշական օրինակ է Մարգարիտա Պապոյանի խախտված և դեռևս չվերականգնված իրավունքը, ում բողոքը քննարկվել է նաև նախորդ Պաշտպանի կողմից: Դիմումատուն արդեն 2 տարի ունի դատարանի վճիռ, որը քաղաքապետարանին պարտավորեցնում է կնքել նրա հետ տարածքի վարձակալության պայմանագիր: Սակայն մինչ օրս ո՜չ քաղաքապետարանի, ո՜չ էլ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վճռի կատարման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել: Իսկ Երևանի քաղաքապետը, Պաշտպանի հարցմանն ի պատասխան գրությամբ` հղում կատարելով տեխնիկական խնդիրների, փորձել է վճռի չկատարումը կապել քաղաքապետարանի կարգավիճակի, ավելի ճիշտ` միայն անվան փոփոխության հետ` փաստացիորեն հրաժարվելով նույն հիմնարկի օրենքով սահմանված իրավահաջորդությունից:

Խնդիրների երրորդ խումբն այն է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ևս, շատ հաճախ պատշաճ հետևողականություն չցուցաբերելով, իր հերթին չի նպաստում մարդու սեփականության իրավունքի իրացմանը, քանի որ չի գործադրում օրենքով իրեն վերապահված լծակները` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները կյանքի կոչելու համար: Մասնավորապես, այն դեպքերում, երբ պետական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պարտապանը չի կատարում վճռի պահանջը, հարկադիր կատարողների կողմից չեն կիրառվում օրենքով սահմանված ներգործության միջոցները, այդ թվում` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրավախախտներին չի ենթարկում վարչական պատասխանատվության: Առանձին բարդ խնդիր են բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման խախտումները: Սեփականության իրավունքի ոլորտում մինչ այսօր էլ Պաշտպանը շարունակում է ստանալ բողոքներ` հասարակության և պետության կարիքների համար օտարված գոտիներում գտնվող տարածքների սեփականատերերից և գույքային այլ իրավունքներ ունեցող անձանցից, որոնք վերաբերում են թե՜ փոխհատուցման և թե՜ պետության կողմից կառուցապատողների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության խնդիրներին:

Ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում կա սեփականության իրավունքի խախտումներին առնչվող մոտ 2 տասնյակ գործ, իսկ քննարկվածներից 4-ի մասով կայացվել է վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Սա մտահոգիչ է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանվածության առումով, բայց կարևոր է նաև, որ նման դեպքերը բացասական են անդրադառնում Հայաստանի միջազգային հեղինակության վրա:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստ է աջակցել բոլորին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, քաղաքապետարանների, գյուղապետարանների, մարզպետարանների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից իրենց խախտված սեփականության իրավունքների վերականգնման գործում, բացառությամբ միայն դատական կարգով լուծման ենթակա գործերի, որոնց անդրադառնալու իրավասություն Պաշտպանը չունի: Նշված բոլոր խնդիրներով իմ առաքելությունն է ոչ միայն անհատական գործերով քաղաքացիների իրավունքների վերականգնումը, այլև դրանց միջոցով նմանատիպ դեպքերի հետագա բացառումը և համակարգային խնդիրների վերհանումն ու լուծումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---