ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվեց հեռակոնֆերանս Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվեց հեռակոնֆերանս Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության աշխատակազմի բոլոր վարչությունների պետերը: Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանում տեսակոնֆերանսին մասնակցում էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, Սիրիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Լենա Հալաջյանը, Հալեպի հայկական վարժարանների տնօրեններ, ուսուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հրանուշ Հակոբյանը ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 2011թ. ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով այս տարի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվելիք համահայկական համաժողովներին («Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների», «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում», պլաստիկ վիրաբույժների, հայ բժիշկների, Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների, հայ խոհարարների, հայ սրտաբանների, հայ ֆերմերների համաժողովներ, Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով, «Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթաց-հավաք», Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց և այլն):

ՀՀ սփյուռքի նախարարն անդրադարձավ նաև նախարարության «Մեր մեծերը», «Արի տուն» ծրագրերին, ծանոթացրեց նախարարության կողմից ստեղծված էլեկտրոնային գրադարանին:

Հալեպից հեռակոնֆերանսի մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին, որոնք վերաբերում էին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, արևմտահայերենի միասնական դասագրքի ստեղծմանը և այլն:

Հեռակոնֆերանսի ընթացքում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում կատարվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով շարադրության մրցույթի հաղթող աշակերտների պարգևատրման արարողություն, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---