Երևանում կարող է դպրոց հիմնադրվել Թաիլանդի Ռիջենտս դպրոցի օրինակով

Երևանում կարող է դպրոց հիմնադրվել Թաիլանդի Ռիջենտս դպրոցի օրինակով

PanARMENIAN.Net - Կրթական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու Թաիլանդի և Միացյալ Թագավորության Ռիջենտս դպրոցի հիմնադիր նախագահ Վիրաչայ Թեչավիչիթի հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրին` Կարեն Կարապետյանը նշել է, որ մայրաքաղաքի արդյունավետ կառավարման գործառույթից բացի, քաղաքապետարանը կարևորում է ևս երկու խնդիր` կրթված հասարակության ձևավորումն ու ներդրողների համար Երևանում դյուրին, մատչելի և հարմարավետ բիզնես միջավայրի ստեղծումը. «Այս երկու գործոնների առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ»,- ընդգծել է քաղաքապետը:

Վիրաչայ Թեչավիչիթը քաղաքապետին է ներկայացրել Ռիջենտս դպրոցի պատմությունը, ավանդույթներն ու կրթական ծրագրերը. «Մենք մեր դպրոցում պատրաստում ենք բազմակողմանի զարգացած առաջնորդներ»,- նշել է դպրոցի հիմնադիրը:

Հաշվի առնելով Ռիջենտսի միջազգային ճանաչումը, ինչպես նաև բարձր գնահատելով դպրոցի կրթական ծրագրերի մակարդակը, Կարեն Կարապետյանը հյուրին առաջարկել է Երևանում նույնպես հիմնել ավանդույթներով հարուստ նմանատիպ դպրոց:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին վստահության համար` Վիրաչայ Թեչավիչիթը պատրաստակամություն է հայտնել բազմակողմանի վերլուծել առաջարկն ու խոստացել է մինչ Թաիլանդ վերադառնալը ներկայացնել հստակ առաջարկների փաթեթ:

Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը Երևանում իրականացրած բարեգործական կրթական ծրագրերի համար Ռիջենտս դպրոցի նախագահին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---