Երևանի քաղաքապետը մտադիր է քաղաքի կանաչապատման նոր մշակույթ ձևավորել

Երևանի քաղաքապետը մտադիր է քաղաքի կանաչապատման նոր մշակույթ ձևավորել

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու և կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանումը բացառելու նպատակով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ շուտով մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներում և կանգառներում ամբողջությամբ կավարտվի 60 տեսախցիկների տեղադրման գործընթացը: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գործընթացն ավարտելուց հետո սկսել մոնիտորինգի աշխատանքները և իրականացնել մշտական վերահսկողություն:

Չգործող և ապօրինի կրպակների ապամոնտաժման մասով զեկուցվել է, որ մայիս ամսվա կտրվածքով 11 վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում գրանցվել է նմանատիպ 636 կրպակ: Առաջիկայում գույքագրման աշխատանքները կավարտվեն նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից շուրջ 1000 խոտհնձող ժամանակակից սարքավորումներ կտրվեն դպրոցներին, մանկապարտեզներին և համատիրություններին: Քաղաքապետը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայրաքաղաքը համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով կանաչապատելու խնդրին: Ինչպես Facebook-ում իր էջում գրել է Կարեն Կարապետյանը. «Կանաչապատ տարածքը ոչ միայն խոտն ու ծառն է,այլ նաև հոգատար վերաբերմունքն ու խնամքը այդ ամենի հանդեպ»: Նրա խոսքով, մայրաքաղաքում արդեն իսկ բավականին հաստատություններ մեծ եռանդով բարեկարգում են իրենց հարակից տարածքները: Սակայն դրանց կողքին կարելի է նկատել նաև անտարբեր հաստատությունների անբարեկարգ տարածքներ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքացիներին խնդրել է անտարբեր չգտնվել` նկարել և,նշելով հասցեն, ուղարկել քաղաքապետարան:

Մայրաքաղաքն առավել գրավիչ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---