Երևանում կայացած բարեգործական համերգը կհոգա քաղցկեղով հիվանդ 3,5-ամյա Մանե Հակոբյանի բուժման ծախսերը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը մայիսի 30-ին կազմակերպեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթն օգտագործվելու է քաղցկեղով հիվանդ 3,5-ամյա Մանե Հակոբյանի բուժման ծախսերը հոգալու համար:

Համերգային երեկոյի ընթացքում հանդես եկան հայկական էստրադայի այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են` Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Մարին, Միհրան Ծառուկյանը, Աստղիկ Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Շահբազյանը, Սարգիս Ավետիսյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լանա Խաչատրյանը և այլք: Համերգային ծրագրին մասնակցեցին նաև լեզվաբանական համալսարանի տաղանդավոր և շնորհալի ուսանողները:

Փոքրիկ Մանեի մոտ ախտորոշվել է լեյկոզ։ Այժմ նա բուժվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Հայաստանում երեխայի բուժումն անվճար է, սակայն արտասահմանում համապատասխան հետազոտություններ կատարելու խնդիր կա, որն արժե 43 հազար եվրո։ Ծնողներն ունեն հիմնական գումարը, պակասում է միայն 3 միլիոն դրամ, ինչը հայթայթելուն կօգնեն նման հանգանակությունները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը մեծապես կարևորում է այն ծրագրերը, որոնք իրականացվում են երեխաների համար։ «Երեխաները մեր ապագան են, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր մանուկները լինեն առողջ, առույգ, երջանիկ և վայելեն իրենց անհոգ մանկությունը»,- նշեց Կարեն Ավագյանը` ավելացնելով, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոքրիկ Մանեի բուժման համար կհատկացնի այնքան գումար, որքան կկարողանան երեկոյի ընթացքում հանգանակել լեզվաբանական համալսարանի ուսանողները:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը տեղեկացրեց, որ Մանեի հիվանդությունը գտնվում է բուժման երկրորդ փուլում։ Ըստ Հասմիկ Ափյանի, հանգանակած գումարը, ճիշտ է, բուժման ամբողջ ծախսերը չի հոգա, բայց կթեթևացնի երեխայի ծնողների հոգսը, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---