17  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոցի» թռիչքների սրահը շահագործման կհանձնվի

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոցի» թռիչքների սրահը շահագործման կհանձնվի

PanARMENIAN.Net -

Նոյեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, աշխատանքային շահագործման կհանձնվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքների սրահը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Նրա խոսքով` օդանավակայանի «Կլոր շենքն» այլևս չի օգտագործվի:

Հոկտեմբերի 5-ին կայացավ Երևանի«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահը պաշտոնապես շահագործման հանձնելու արարողությունը:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների և լայնամասշտաբ միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է «Զվարթնոցի» նոր տերմինալը շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանին իր զարգացման ճանապարհին: Նոր տերմինալն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ:

Նոր տերմինալն ամբողջությամբ կփոխի ուղևորների պատկերացումներն օդանավակայանի ծառայությունների մատուցման մասին` դրանք ներկայացնելով որակապես նոր տեսանկյունից: Կարելի է ասել, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը նման մասշտաբի և նշանակության օբյեկտ շահագործման չի հանձնել: Ավելին, նոր տերմինալն իր սարքավորումներով առաջատարը կդառնա տարածաշրջանում:

Տերմինալը 34 հազար քառ. մ տարածք է զբաղեցնում: Համալիրի շենքում կտեղակայվեն բարձր դասի սրահներ ուղևորների և դիվանագետների սպասարկման համար, իսկ գրանցման սրահն ընդհանուր առմամբ 46 գրանցակետ կունենա: Նոր տերմինալում նախատեսված է կենտրոնացված ջերմամատակարարում, օդափոխանակության ժամանակակից և բարձրորակ համակարգ:

Տերմինալն իր գործառույթները կկատարի նաև երկրաշարժի դեպքում, առանց որևէ խնդիրների. շենքը 9-բալանոց սեյսմակայունություն ունի: Արտակարգ իրադրությունների դեպքում արտաքին աշխարհի հետ անխափան կապի ապահովումն օդանավակայանի բարեկարգման նպատակներից մեկն է:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2002 թվականից «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից` 2001 թվականին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 30-ամյա կոնցեսիոն կառավարման համաձայն: Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է մոտ 160 մլն ԱՄՆ դոլար: Այսօրվա դրությամբ օդանավակայանը տարեկան 1 միլիոն 100 հազար ուղևոր է սպասարկում, նոր տերմինալը շահագործման հանձնելուց հետո այն կկարողանա մինչև 3 միլիոն ուղևոր սպասարկել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---