Գառնիկ Հայրապետյան. «Հայ քիքբռնցքամարտիկները լիովին արդարացրեցին մեր սպասումները»

PanARMENIAN.Net - Հայաստանի քիքբռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը գոհ է Հայաստանի հավաքականի ելույթներից Եվրոպայի քիքբռնցքամարտի գավաթում: Ինչպես հայտնել է Հայրապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցին, հայ մարզիկներն արդարացրել են նրա բոլոր սպասումները եւ պատվով ելույթ ունենալով մրցաշարում` շահել են 4 ոսկե, մեկ արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:



«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել բոլոր հայերին այս հաջողության կապակցությամբ, քանի որ այս հաղթանակը ոչ միայն մարզիկների, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի նվաճումն է: Մեր քիքբռնցքամարտիկները գերազանց են հանդես եկել: Ես գոհ եմ արդյունքներից: Հատկանշական է այն, որ մեր քիքբռնցքամարտիկները 3 ոսկե մեդալների արժանացան` եզրափակիչում հաղթելով ուկրաինացիներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին մրցաշարը հիանալի անցկացնելու եւ հյուրընկալության համար, ինչպես նաեւ Ֆեդերացիայի նախագահներին իրենց մարզիկների առողջ սպորտային ոգու համար: Ես ՀՔՖ անունից Աշխարհի գավաթին մասնակցած ֆեդերացիաների բոլոր նախագահներին նվիրել եմ հուշամեդալներ` ի նշան մեր փոխհարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման: Չէ՞ որ սպորտը մեծ քաղաքականություն է: Մեր մարզիկների ելույթներին բարձր գնահատական է տվել Քիքբռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ռաշիդ Սայապովը»,- նշել է Հայրապետյանը:



ՀՀ քիքբռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի խոսքերով, վերջին 5 տարիներին Հայաստանի քիքբռնցքամարտի առաջընթացը ավելի քան ակնհայտ է:



«Եթե մենք 2003թ. միջազգային մրցաշարերից բերել ենք մեկ ոսկե մեդալ, ապա 2007-ին մեր պարգեւների քանակը 7 անգամ շատ է: 2007-ի Աշխարհի առաջնությունից մենք բերել ենք 9 ոսկե մեդալ: Եւ այժմ արդեն` 4 ոսկի Աշխարհի գավաթից: Առաջընթացը նկատելի է նաեւ երկրում քիքբռնցքամարտի տարածման տեսանկյունից: 2003-ի հետ համեմատած քիքբռնցքամարտիկների թիվը 1000-ից դարձել է 3200: Դա մարզիկների պաշտոնական թիվն է 2009-ին: Ներկա պահին Հայաստանում կան 40 բարձրակարգ մարզիչներ եւ 20 դատավորներ, որոնցից 5-ը միջազգային կարգի դատավորի կարգավիճակ ունեն: Արդեն գործում են քիքբռնցքամարտի դպրոցներն Արմավիրում, Գորիսում, Վարդենիսում, Մարտունիում, իսկ մոտ ժամանակներս նախատեսում ենք զարգացնել այս սպորտաձեւը Հայաստանի այլ մարզերում»,- նշեց Հայրապետյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---