Արթուր Գևորգյան. Ինձ չեն գոհացնում իմ սաների արդյունքները ձյուդոյի աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Տոկիոյում ավարտվեց ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էին 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ), Աշխարհի գավաթի գավաթակիր Արմեն Նազարյանը և Համբարձում Տոնոյանը (66 կգ ք/կ), իսկ կանանց թվում՝ Գայանե Համբարձումյանը (48 կգ ք/կ):

Հովհաննես Դավթյանը 3 մենամարտ է անցկացրել, որից երկուսում հաղթել է: Հայ ձյուդոիստին առաջնությունից հանեց Բեսլան Մուդրանովը Ռուսաստանից:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանն ասել է, որ դա մրցավարների մեղքն էր: «Դավթյանը միավոր ստացավ եզրային մրցավարներից, սակայն գլխավոր մրցավարը չհաշվեց այդ միավորները, համարելով, որ հայ մարզիկն արգելված հնարք կիրառեց, և հաղթանակը շնորհեց Մուդրանովին: Քանի որ, ըստ նոր կանոնների բրոնզի համար կարող են պայքարել միայն ¼ եզրափակիչ դուրս եկած մարզիկներրը, Դավթյանը մնաց առանց մեդալի»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Գայանե Համբարձումյանը, Արմեն Նազարյանը և Համբարձում Տոնոյանը ևս անհաջող ելույթ ունեցան: Մարզիչը նշեց, որ այդ արդյունքը չարդարացրեց նրա ակնկալիքները և մինչև տարեվերջ իր սաները պետք է շտկեն իրավիճակը: «Հոկտեմբերին տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որից հետո հավաքականը նոյեմբերին կմասնակցի ՄԱԷ-ում կայանալիք Գրան պրիի մրցաշարին, որը վարկանիշային միավորներ է տալիս Լոնդոնի Օլիմպիադային մասնակցելու համար»,-ասել է Գևորգյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---