Արթուր Աբրահամը Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցին շուրջ 100 հազար եվրոյի մարզական գույք կնվիրի

Արթուր Աբրահամը Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցին շուրջ 100 հազար եվրոյի մարզական գույք կնվիրի

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում IBF վարկածով նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (Գերմանիա) ժամանել է Հայաստան: Այցի նպատակն է ոչ միայն հանգիստն ու ուժերի վերականգնումը հայրենիքում, այլ նաև բարեգործությունը:

«Ես սկսել եմ բռնցքամարտով զբաղվել Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցում և չորս տարի մարզվել եմ այնտեղ: Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել իմ դպրոցին ու մարզիկներին և «Ադիդաս» ընկերության հետ շուրջ 100 հազար եվրոյի մարզական գույք կնվիրեմ դպրոցին: Պատանի բռնցքամարտիկները կունենան բռնցքամարտով զբաղվելու բոլոր պայմանները»,-հունիսի 17-ին Երևանում հայտարարել է Աբրահամը:

Աբրահամը մտադիր է նաև բռնցքամարտի նոր դպրոց բացել Երևանում պատանի մարզիկների համար: Նա հավելել է, որ դպրոցում բռնցքամարտիկները կուսանեն նաև օտար լեզուներ, հատկապես անգլերեն ու գերմաներեն: «Աշխարհում հայտնի դառնալու համար, բռնցքամարտիկը պետք է անպայման օտար լեզու իմանա, ֆիզիկական ու մարտավարական պատրաստությունից բացի, նա պետք է նաև լեզուներ սովորի»:

Ըստ Աբրահամի, ինքը միշտ հետևում է հայկական սպորտին ու երկրպագում է հայ մարզիկներին: «Միշտ էլ հաճելի է, երբ հայ մարզիկն իրեն լավ է դրսևորում միջազգային ասպարեզում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջին շրջանում լավ խաղ է ցուցադրում և արդյունքների է հասնում»,-ասել է մարզիկը:

4  17.06.11 - Արթուր Աբրահամի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---