Շահան Կանդախարյան.

Լիբանանը միշտ զորակցում է հայ ժողովրդի պահանջներին

PanARMENIAN.Net - Լիբանանի շրջափակման վերացումը եւ ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը Հարավային Լիբանանում կարող է ժամանակավորապես խաղաղություն եւ հանգստություն բերել Մերձավոր Արեւելք: Լիբանանի հայ համայնքը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Լիբանանում ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է Լիբանանում լույս տեսնող ամենամեծ հայկական թերթի` «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը:
Ինչպիսին է այսօրվա իրավիճակը Լիբանանի հայկական համայնքում:

Լիբանանահայ համայնքը, ինչպես նաեւ լիբանանյան ամբողջ հասարակույթյունը նոր է միայն դուրս գալիս Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմից: Չնայած զինվորական գործողություններն անմիջականորեն չէին վնասում հայկական թաղամասերը, այսուհանդերձ երկրին հասցված հսկայական վնասները եւ այդ պատճառով ստեղծված տնտեսական սուր ճգնաժամը բնականաբար ազդեցին լիբանանահայության վրա: Մենք չունենք վիճակագրական տվյալներ, բայց կարելի է ասել որ լիբանանահայության արտագաղթը զանգվածային բնույթ չի կրել: Սակայն հայ համայնքի` երկքաղաքացիություն ունեցող շատ քաղաքացիներ մեկնեցին: Ճիշտ է մենք ենթադրում ենք, որ մեկնողների մեծ մասը ժամանակավոր է մեկնել, եւ մենք կարծում ենք, որ նրանց մեծ մասը կվերադառնա: Պատերազմ վերապրած յուրաքանչյուր երկրում այնպիսի հետպատերազմյան իրավիճակ է ստեղծվում, որի ժամանակ մեծանում է արտագաղթը, տնտեսսւթյունը անկում է ապրում: Լիբանանահայությունը եւս բնականաբար անմասն չի մնացել այդ իրավիճակից: Սակայն այս ամենից նվազագոյն վնասով դուրս գալու համար համայնքի զանազան մարմիններն ու կառույցները հաճախ համատեղ աշխատանքներ են տանում ինքնակազմակերպվելու, ժողովուրդի կենսական կարիքները հոգալու եւ դրական առումով հեռանկարային իրավիճակներ ստեղծելու համար:

Մենք գրել ենք թուրք խաղաղապահների դեմ կայացած ցույցերի մասին: Ի՞նչ դրական արդյունք են բերել դրանք:

Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի կազմում թուրք զորամիավորումի տեղակայման որոշման դեմ աշխատանքները տարվելու են տարբեր հարթություններում: Նախ համայնքի մակարդակի վրա հայ քաղաքական կուսակցություններն ու հայ հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Այս երեւույթը նշանակում էր, որ լիբանանահայությունն իր բոլոր շերտերով եւ հատվածներով միանշանակ է այս հարցում: Դրան զուգահեռ այցելություններ եղան բազմաթիվ դեսպանատներ եւ տեսակցություններ եւ քննարկումներ կատարվեցին դեսպանների կամ դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որոնց հանձնվեցին հատուկ նամակներ, որոնցում բացատրվում են այն հիմնավորումները, ըստ որոնց պետք է մերժվի Թուրքիայի խաղաղպահ առաքելությունը: Պետք է նշել նաեւ, որ Կիլիկիո Մեծ տան Արամ Ա. կաթողիկոսը հատուկ նամակով դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, որում բացի լիբանանահայության կարծիքը, հայտնվում է նաեւ արաբական մակարդակի վրա Թուրքիայի խաղաղապահությունը մերժելու հանգամանքը: Քարոզչական եւ քաղաքական աշխատանքներին առընթեր կազմակերպվեցին նաեւ բողոքի երկու ցույցեր. առաջինը` երիտասարդական-ուսանողական մակարդակի վրա եւ երկրորդը` ժողովրդական: Ես պետք է ասեմ, որ տեղական, շրջանային եւ միջազգային ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում լիբանանահայության այս դիրքորոշմանը: Մենք հուսով ենք, որ մեր ջանքերը զուր չեն անցնի եւ Թուրքիան ՄԱԿ-ի խաղաղապահ կոմնտինգենտի շրջանակներում չի մասնակցի Հարավային Լիբանանի խաղաղության պահպանման գործընթացին: Չի կարելի Լիբանան թույլ տալ ներխուժել մի երկիր, որը հանդիսանում է Իսրայելի ռազմավարական եւ ռազմական գործընկերը, երկիր, որը շրջափակում է Կիպրոսը: Այն երկիրը, որտեղ խախտվում են մարդկանց իրավունքները եւ մերժվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, չի կարող մասնակցել մերձավորարեւելյան ճգնաժամի կարգավորման մեջ:

Ձեր կարծիքով, հնարավո՞ր է նոր հարձակում Իսրայելի կողմից:

Մինչեւ մերձավորարեւելյան ճգնաժամը քաղաքական կարգավորում չստանա, անհնարին է կանխորոշել ինչ ընթացք կստանա իրավիճակը: Պարզ չէ, արդյո՞ք կփորձեն հարցը ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել, թե` ոչ: Տվյալ դեպքում դժվար է կանխատեսումներ կատարել: Այս պահի դրությամբ միջազգային հանրությունն ու գերտերությունները պետք է հակված լինեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն: Միայն այդպես կարելի է վերականգնել Լիբանանի ենթակառուցվածքներն ու տնտեսությունը:

Ինչպիսի՞ն է Լիբանանի դիրքորոշումը Լեռնային Ղարբաղի կարգավորման հարցում:

Լիբանանը պաշտոնական դիրքորոշում չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այստեղ տեղին է նշել, որ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեպի Պերին, Երեւան կատարած իր այցելության ընթացքում հայտարարեց, որ զորակցում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին: Վերջերս Լիբանանում էր գտնվում նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, որ հանդիպել է Հանրապետության նախագահին, Ազգային Ժողովի նախագահին եւ Լիբանանի արտգործնախարարին: Հիշեցնեմ, որ Լիբանանի քաղաքական ղեկավարությունը զանազան առիթներով հայտարարել է, որ աջակցում է ընդհանուր առումով հայ ժողովրդի պահանջները, ինչը նաեւ վերաբերում է Ղարաբաղյան հարցին:
---