Արամ Համբարյան.

106-րդ բանաձեւը ցեղասպանության դեմ միջազգային շարժման մի մասն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի կոմիտեի կողմից Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը կարող է խթան դառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի ընդունման համար: Բանաձեւի ընդունումը կարող է բարոյական գործոն դառնալ եւ կոչ անել Թուրքիային հաշտվել անխուսափելիի հետ: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Դուք համաձա՞յն եք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը հանդիսանում է ԱՄՆ-ի ներքին գործը:

Ներքին քաղաքականության տեսանկյունից` 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ ներքին գործն է: Այդ օրինագիծն անդրադառնում է գործի էությանը` ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման տեւական գործընթացին` ներառյալ ամերիկացիների բողոքներն ու օգնությունը, որ ցուցաբերել է Ամերիկան հայերին մարդկության դեմ այդ հանցագործության կատարման ժամանակ: Օրենսդիրների մտադրությունը երաշխավորում է, որ ԱՄՆ կառավարությունը կօգտագործի այդ ողբերգության դասերը ապագայում ցեղասպանությունները կանխելու համար: Դա ամերիկացիների կողմից ընտրված ժողովրդական ներկայացուցիչների ներքին գործն է, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների դիվանագետների: Ռուանդայի եւ Դարֆուրի օրինակով մենք տեսնում ենք, որ ցեղասպանության կանխումը բխում է ԱՄՆ կենսական շահերից եւ անվտանգությունից: Ցեղասպանության դատապարտումը ամրապնդում է Ամերիկայի բարոյական գերազանցությունը եւ համաշխարհային առաջատարությունը` ցեղասպանություններին հակազդելու գործում: Ավելին, 106-րդ բանաձեւը միջազգային կարեւորության գործ է: Այդ բանաձեւը ցեղասպանության դեմ միջազգային շարժման մի մասն է: Նրա ընդունումը կարող է հակազդել Թուրքիայի ուրացման քաղաքականությանը եւ ամրապնդել աշխարհի որոշումը` մերժել վտանգավոր նախադեպը, այսինքն այն, որ մարդկության դեմ այդ հանցագործությունը կարող է անպատիժ մնալ: Այն աշխարհը, որտեղ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ավելի պաշտպանված կլինի նոր ցեղասպանություններից:

Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Երկաքաղաքացիության մասին օրենքի վերաբերյալ:

Սփյուռքը հասկանում է, որ Երկքաղաքացիություն մասին օրենքը քննարկումների կարեւոր թեմա էր հայոց խորհրդարանում եւ հասարկությունում եւ մենք ողջունում ենք այդ գործընթացը: Մենք հարգում ենք այն տեսակետները, որոնք հնչել են այդ բանավեճերի ժամանակ: Սփյուռքը ուրախ է, որ խորհրդարանը վերջապես հավանություն տվեց այդ օրենքին: Երկքաղաքացիությունը մի նոր շանս է ամրապնդելու համար կապը սփյուռքի եւ հայրենիքի միջեւ, ամբողջ աշխահում հայի ինքնությունը ամրապնդելու համար եւ կարեւոր խթան է հայ ազգի ժողովրդավարական եւ ազգային ձգտումների համար:

Ճի՞շտ է արդյոք հայկական պատվիրակության մասնակցությունը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը:

Թուրքիան ուղղակի օգտագործում է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը որպես համաշխարհային հանրությանը մոլորեցնելու միջոց: Մասնավորապես, դա վերաբերում է Հայոց ցեղասպանության ուրացման, հայ մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման, շրջափակման եւ հակահայ քաղաքականության դրսեւորումների այլ հարցերին:

Ի՞նչ է անում ANCA-ն ԱՄՆ-ի թուրք-հրեական լոբբիին դիմակայելու համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդների դեմ պայքարի լավագույն միջոցը ճշմարտությունն ասելն է` հիմնված հավաստի եւ հասանելի փաստաթղթերի վրա:

Ի՞նչ եք Դուք մտածում ԱՄՆ-ի հասցեին հնչող թուրքական սպառնալինքերի մասին` ուղղված Իրաքում խաղաղապահների ամերիկյան առաքելության դեմ:

Թուրքիայի կառավարությունը սպառնում է խոչընդոտել ԱՄՆ գործողություններին Իրաքում, եթե Կոնգրսեը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն ուշադիր զննելով այդ սպառնալիքները, տեսնում ենք, որ դրանք զուտ սպառնալիքներ են: 106-րդ բանաձեւի հակառակորդները իրարանցում են ստեղծում: ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Մայքլ Մոսլին 2007 թ. փետրվարի 21-ին ասել է. «Ես չէի ասի, թե մենք Ինջիրլիկի կարիքը ունենք Իրաքում մեր գործողությունների համար»: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների «գնացքի վթարը» բազմիցս անգամ կանխատեսվել է, երբ 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը հաստատեց Հայոց ցեղասպանության իրողությունը, իսկ 1984 թ. ապրիլի 24-ը «1915 թ. ողբերգության զոհերի հիշատակի օր» հայտարարվեց: Չնայած Թուրքիայի սպառնալիքներին, նա միայն խորհրդանշական քայլեր է ձեռնարկում Եվրախորհրդարանի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Արգենտինայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Շվեյցարիայի եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դեմ: Օրինակ, չնայած Ֆրանսիայի հասցեին 2001 թվականին հնչած սպառնալիքների, ապրանքաշրջանառությունը Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ 2000 թվականի համեմատությամբ աճել է 22 տոկոսով եւ 131 տոկոսով` վերջին հինգ տարիներին:

Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կընդունվի 106-րդ բանաձեւը:

Այժմ ամենալավ պահն է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար: Ստամբուլում Հրանտ Դինքի դաժան սպանությունը, որին սպանեցին Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու համար, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԱՄՆ-ն պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի ուրացման եւ անհանդուրժողականության թուրքական քարոզարշավի սաստկացման դեմ:
---