Սերգեյ Մարկեդոնով.

Հայաստանում չի լինի ամերիկամետ կամ ռուսամետ իշխանություն, այնտեղ կլինի հայանպաստ իշխանություն

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դեռեւս տեւական ժամանակ կլինեն ինչպես արեւմտյան, այնպեսլ էլ ռուս վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Թե մեկը, թե մյուսները գտնում են, որ Հայաստանում հաղթեցին բացառապես դեպի Ռուսաստան կամ Արեւմուտք կողմնորոշված ուժերը: Իրականում ամեն ինչ այլ կերպ է: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:
Ինչպե՞ս կբնութագրեք ընտրությունները Հայաստանում` որպես սթափ մտածողության հաղթանակ թե որպես կողմնորոշման փոփոխություն ռուսականից արեւմտյանի:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ես բազմիցս եմ մեկնաբանություններ եւ հարցազրույցներ տվել տարբեր լրատվական միջոցներին, հեռուստա եւ ռադիոկայաններին, տպագիր մամուլին: Սակայն ցանկանում եմ նշել, որ Հարավային Կովկասի այդ հանրապետությունում նախընտրական շրջանի մեկնարկին նվիրված հարցերի շրջանակը շատ նեղ էր: Փաստորեն լրագրողներին միայն երկու հարց էր հետաքրքրում: Կկայանա՞ արդյոք Հայաստանում հետխորհրդային տարածքի հերթական «գունավոր» հեղափոխությունը: Եվ ո՞ր ուժն է Հայաստանում ռուսամետ, որը արեւմտամետ: Ցավոք, ռուսական լրատվության մեջ, ներառյալ վերլուծությունները, հենց այդ երկու խնդիրներն են առաջնային դարձել վերջերս: Մինչդեռ Հայաստանի, ինչպես նաեւ հետխորհրդային տարածքի ցանկացած կետի իրավիճակի հետ դրանք շատ միջնորդավորված կապ ունեն:

Սկսենք աշխարհաքաղաքական նախընտրությունների որոշումից հայկական վերնախավի շրջանում: Պատասխանելով հայկական «արեւմտամետների» եւ Ռուսաստանի կողմնակիցների մասին հարցին` ես հանկարծ հիշեցի հետխորհրդային հայկական պետության հիմնադիրներից մեկի` Վազգեն Մանուկյանի (ժամանակին նա հանրապետության վարչապետն էր, առաջադրվել է նաեւ երկրի ղեկավարի պաշտոնում) մեկնաբանությունը: Խորհելով «ցնցվող ձեռքերի պուտչի» մասին 1991 թվականի օգոստոսին, Մանուկյանը հայտարարեց, որ իր համար միեւնույն է, թե ով իշխանության կգա Մոսկվայում: Կարեւորն այն է, որ «ղարաբաղյան հարցը» լուծվի Հայաստանի եւ հայության համար բարենպաստ կերպով: Կարծում եմ, 1991 թվականից ի վեր, ոչ ոք Վազգեն Մանուկյանից լավ չի արտահայտել Հայաստանի եւ նրա վերնախավի աշխարհաքաղաքական նախընտրությունների էությունը: Մեծ հաշվով Երեւանի համար միեւնույն է, թե ով է օգնում եւ աջակցում Հայաստանին: Կարեւորը նման աջակցության փաստն է: Եթե դա անում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, ապա հայկական վերնախավն ամերիկամետ է դառնում: Եթե դա անում է Դաշնային ժողովի Պետդուման, ապա Հայստանի ղեկավարների ռուսամետ համակրանքներն ապահովված են: 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց հանրահայտ 907 ուղղումը, որը երկար տարիներ արգելափակեց Ադրբեջանին ցուցաբերվող պետական աջակցությունը: 1995 թվականին Հայոց ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ ռուս խորհրդարանականները կոշտ բանաձեւ ընդունեցին, որով դատապարտվում էր Օսմանյան կայսրության քաղաքականությունը հայերի հանդեպ: Եվ առաջին, եւ երկրորդ դեպքում Հայաստանն աջակցություն հայտնեց: Առաջին դեպքում ամերիկացի կոնգրեսականներին, երկրորդ` ուսական Դումայի անդամներին: Կարեւորն այն է, թե ինչպես հաշվի կառնվեն Հայաստանի շահերը «մեծ տերությունների» քաղաքականության մշակման գործում:

Ի՞նչ ցույց տվեցին Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները, հատկապես կողմնորոշման փոփոխման եւ «գունավոր» հեղափոխությունների հնարավորության մասով:

Եթե վերլուծենք այն հրապարակումներն ու մեկնաբանությունները, որոնք հնչում էին Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո, ապա լիակատար գուշակություն է ստացվում` Հայաստանը կթեքվի՞ Արեւմուտքի կողմը թե հավատարիմ կմնա «ռուսական ընտրությանը»: Դրան հետեւում են ծավալուն տրամաբանություններն այն մասին, թե Հայաստանը «միշտ եւ հավերժ» եղել է Ռուսաստանի հետ: Այս կապակցությամբ ցանկանում եմ հիշել եւս մեկ պարզ ճշմարտություն: Մինչ Ռուսական կայսրության մաս կազմելը Արեւելյան Հայաստանն եղել է Պարսկաստանի կազմում: Ժամանակի առումով այդ շրջանը շատ ավելի տեւական է եղել, քան «ռուսական փուլը»: Եվ ի՞նչ է դրանից հետեւում, որ հայ-պարսկական կապերն երաշխավորում են այսօրվա Իրանին ինչ-որ հատուկ արտոնություններ Հայաստանի ներսում: Ուզում եմ հիշեցնել, որ 20 դարի սկզբում հայ հեղափոխականներն այնքան էլ լավ կարծիքի չէին Ռուսական կայսրության մասին այն բանից հետո, երբ կայսերական իշխանությունը ազգայնացրեց Հայ Առաքելական եկեղեցու գույքը: Դա դեռ մեղմ ասած: Իսկ այսօր Հայ հեղափոխական Դաշնակցությունը հայկական «իշխանության կուսակցության» սյուներից մեկն է եւ հավանություն է տալիս ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի գաղափարին: 1980-ականների վերջում Հայաստանը ամենահետեւողական հակախորհրդային հանրապետություներից մեկն էր: 1991 թվականի մարտին Ադրբեջանի ղեկավարությունը կոչ էր անում քվեարկել «նորացված միության» օգտին, իսկ հայ ղեկավարներն արդեն նախապատրաստում էին հանրապետության քաղաքակիրթ դուրս բերումը ԽՍՀՄ կազմից: Այսօր Երեւանը ՀԱՊԿ եւ ԵվրԱսԷՍ-ի անդամ է եւ ձգտում է առավել սերտ ինտեգրմանը ԱՊՀ շրջանակներում: Այսպիսով, բոլոր նրանք, ով գրում է եւ ցուցադրում է Հայաստանի մասին, ինչպես նաեւ նախկին «անխախտ միության» այլ հանրապետությունների մասին, պետք է մի պարզ ճշմարտություն հասկանա: Հայաստանում չի լինի ամերիկամետ կամ ռուսամետ իշխանություն: Այնտեղ կլինի հայանպաստ իշխանություն: Եվ ցանկացած այլ իշխանություն Երեւանում մի վայրկյան անգամ չի դիմանա: Ցանկացած այլ իշխանություն կտապալվի գունավոր կամ սեւ-սպիտակ հեղափոխությամբ: Եվ ցանկացած իշխանություն կհամագործակցի Ռուսաստանի հետ այնքանով, որքանով դա բխում է իր շահերից: Խորհրդարանական ընտրությունները կամ նախագահական ընտրարշավը չեն փոխի այդ երկաթե կանոնը:

Եվ այնուամենայնիվ, ո՞վ հաղթեց 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններում:

Այսպիսով, Հայաստանի 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններում չհաղթեցին ոչ արեւմտամետները, ոչ էլ ռուսամետները: Հաղթեցին Ռուսաստանի հետ դաշինքի որպես Հայաստանի համար զարգացման ամենաօպտիմալ ուղու կողմնակիցները: Սակայն ընդդիմությունը եւս, որին այժմ ռուսական ԶԼՄ-ներում անվանում են համաշխարհային կապիտալի «վարձկաններ», դեմ չէ ՌԴ-ի հետ համագործակցությանը: Միթե՞ կարող են ծայրահեղ ռուսատյացներ դառնալ երեկվա նախարարները, վարչապետներն ու խորհրդարանի խոսնակը, այսինքն նրանք, ով Մոսկվայի հետ համագործակցելու հարուստ փորձ ունի: Այլ հարց է, թե որ Ռուսաստանի հետ համագործակցել: Նրանք, ով այժմ ընդդիմադիր են Ռոբերտ Քոչարյանին, Ռուսաստանի առավել բացվածության, ժողովրդավարականության կողմնակիցներ են: Չէ որ հենց նոր ժողովրդավարական Ռուսաստանն է մեծ հաշվով երաշխավորել Հայաստանի անվտանգությունը 1990-ականների սկզբին: Նույն մարդիկ, ինչպես նաեւ Երեւանի պաշտոնական ներկայացուցիչները, լրջորեն մտահոգված են այլատյացության աճով Ռուսաստանի մայրաքաղաքում եւ շրջաններում: Հայկական ընդդիմության ներկայացուցիչները նկատում են, ոչ առանց հիմքերի, թե ինչպես է հայկական վերնախավը «պատճենում ռուս գործընկերների փորձը» նախընտրական արշավի անցկացման եւ նախապատրաստման գործում: Հետեւաբար, մեծ սխալ կլիներ վանել այդ մարդկանց Ռուսաստանից, դարձնելով նրանց Կովկասում ռուսական շահերի հակառակորդներ:

Ի՞նչ եք կարծում , ավելի լավ չէ համագործակցել եւ Մոսկվայի, եւ Արեւմուտքի հետ:

Որքան էլ Մոսկվայում չցանկանան, 2007-խորհրդարանական արշավի հաղթողները համագործակցելու են նաեւ Արեւմուտքի հետ: «Արեւմուտք» ասելով, մենք հասկանում են եւ ԱՄՆ, եւ Եվրամիություն, եւ միջազգային կառույցներ, ներառյալ ՆԱՏՕ-ն: Համագործակցելու են ելնելով պրագմատիկ նկատառումներից: Առաջինը, արեւմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում կան մեծ հայկական համայնքներ, որոնք ընդգրկված են այդ երկրների գործարար դաշտում, կառավարման եւ քաղաքական որոշումների կայացման գործընթացում: Երկրորդը, Արեւմուտքի օգնությամբ Հայաստանը փորձում է ազդել հենց նույն Թուրքիայի վրա: Անկարան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, հետեւաբար, պետք է հարմարվի «եվրոպական չափանիշներին: Իսկ դա նշանակում է, որ ով էլ հաղթի Երեւանում, այդ «հաղթողները» պետք է գործեն, ղեկավարվելով ոչ թե գեղեցիկ բաժակաճառերով, այլ իրական քաղաքականությամբ, քաղաքական շահով եւ պրագմատիզմով: Ռուսաստանը եւս պետք է առավել պրագմատիկ լինի Կովկասում, ինչպես նաեւ ԱՊՀ ցանկացած այլ կետում, իր ռազմավարությունը մշակելիս: Կենացների եւ «փառավոր անցյալին» դիմելու լեզվից հարկավոր է անցնել պրագմատիկ շահի: Հայաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում եւ անվտանգության ոլորտում, ի տարբերություն Վրաստանի: Այդ հնարավորությունը պետք է օգտագործել, ինչպես նաեւ այլ հնարավորություններ: Քչերը գիտեն, որ գազաֆիկացումը Հայաստանում շատ ավելի արագ է ընթանում, քան բուն Ռուսաստանում: Բավականին ակտիվ է ռուսական բիզնեսը նաեւ հեռահաղորդակցությունների ոլորտում: Մեկ տարվա ընթացքում ռուսական բիզնեսն այնքան ներդրում է արել այդ ոլորտում , որքան հունականը տասը տարում: Ահա այս շահերը, այլ ոչ թե արեւմտյան սպառնալիքի եւ «գունավոր հեղափոխությունների» որոնումն է, որ պետք է հիմք ծառայեն Ռուսաստանի եւ Հայաստանի լիարժեք երկկողմ համագործակցության համար:
---