ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՃԱՆԱՉԵԼԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՄՈԹԱԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - «Գնահատելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի պատրաստակամությունը` իր ուղերձով միանալ աշխարհի հայերին` միաժամանակ մենք խիստ անհանգստացած ենք նրա շարունակական մոտեցմամբ` օգտագործել խուսափողական արտահայտություններ, որոնց նպատակն է թուլացնել հայերի նկատմամբ Թուրքիայում իրականացված Ցեղասպանության բարոյական, պատմական եւ իրավական նշանակությունը»,- նշել է Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: «Դժբախտաբար, այս հայտարարությունը մի նոր փորձ է Թուրքիայի կառավարության ամոթալի քաղաքականությանը աջակցելու` ուրանալ մարդկության դեմ կատարված հանցագործությունը»,- ավելացրել է նա: Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը հայտարարել է նաեւ, որ վարչակազմի դիրքորոշումը` հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, արդյունք է ցեղասպանության հանդեպ վարչակազմի ունեցած ավելի լայն քաղաքականության: Դրա ապացույցն է այն փաստը, որ Սպիտակ տունը որեւէ վճռական քայլ չի ձեռնարկել Սուդանի Դարֆուրի մարզում իրականացված ցեղասպանությանը վերջ դնելու ուղղությամբ: Հայ Դատի գրասենյակը համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ վարչակազմի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս ժամանակին եւ արդյունավետ արձագանքի Դարֆուրի խորացող ճգնաժամին: «Եթե մեր երկիրը ցանկանում է վերջ տալ ցեղասպանությունների շարքին, ապա այն պարտավոր է մեծապես միջամտել տեղի ունեցող ցեղասպանությունը կանգնեցնելու համար, մերժել դրա ուրացումը, պատասխանատվության կանչել մեղավորներին եւ զոհերի համար արժանի արդարություն ապահովել»,- ավելացրել է Ա. Համբարյանը: Նշենք, որ 2000 թվականի փետրվարին Ջորջ Բուշը, որն այն ժամանակ նախագահի թեկնածու էր, Միչիգանի հայերի շրջանում քարոզարշավ անցկացնելիս խոստացավ, որ ցեղասպանություն կանվանի անցյալ դարասկզբին հայերի հետ կատարվածը: Սակայն արդեն որպես նախագահ իր հայտարարություններում, նա մշտապես խուսափել է այդ իրադարձություններն անվանել Հայոց ցեղասպանություն: Բուշի վարչակազմը մշտապես ընդդիմացել է մարդկության դեմ կատարված այս ոճրին առնչվող օրենսդրական նախաձեռնություններին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---