ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ` ՈՉԻՆՉ ՉԶԻՋԵԼՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է իր երկրի հասարակությանը պատրաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դիտարկումներով, վերջին ժամանակներս ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են ավելի քիչ ագրեսիվությամբ լուսաբանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ հայ-ադրբեջանական հարաբերություններն ամբողջությամբ: «Ավելի վաղ նրանք արհեստականորեն թշնամանք էին սերմանում հայերի նկատմամբ` ինչը հայկական կողմը չէր անում: Մենք ավելի զուսպ ենք եղել»,- Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահը: Ինչպես նշել է Ա.Ղուկասյանը, Ադրբեջանի ղեկավարությունից ղարաբաղայան հակամարտության կարգավորման տվյալ փուլում պահանջվելու է «քաղաքական կամք եւ ռիսկի դիմելու կարողություն»: «Ես վստահ չեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է դրան, չնայած խնդիրը լուծելու ցանկությունն այդ երկրի առանձին քաղաքական գործիչների մոտ կա: Սակայն, ցանկությունը քիչ է` հարկավոր է կամք»,- նշել է Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի կարծիքով` Ադրբեջանի ղեկավարությունը հստակ պատկերացնում է նախկինում պրոպագանդվող գաղափարների անիրագործելիությունը: «Նրանք չեն կարող ստանալ ամեն ինչ` ոչինչ չզիջելով: Հարկավոր է հաշվի առնել, որ նրանք բավականին մեծ խոստումներ են տվել ժողովրդին, եւ այդ խոստումներից հարկավոր է կամացուկ հետ կանգնել, քանզի դրանք անիրականալի են: Խնդիրն այժմ նրանում է, թե ադրբեջանական իշխանությունները ռիսկի կդիմեն, թե ոչ»,- նկատել է Ա.Ղուկասյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---