Ռուսաստանի եւ ԱՄՆ շահերը Հարավային Կովկասում չեն հակադրվում

PanARMENIAN.Net - «Որոշ մարդիկ փորձում են հակադրել Ռուսաստանի եւ ԱՄՆ շահերը Հարավային Կովկասում, սակայն, ոչ Հայաստանը, ոչ հարավկովկասյան տարածաշրջանի մյուս երկրները ստիպված չեն ընտրություն կատարելու, քանի որ այդ երկու գերտերությունների շահերը տարածաշրջանում չեն հակադրվում»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Հայաստանի Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» համատեղ սեմինարի ընթացքում: Մեկնաբանելով Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Փոլի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնարավոր է ռուսական ռազմակայանների դուրս բերում Հայաստանի տարածքից եւ ամերիկյան ռազմակայանների տեղակայում հանրապետությունում` Ջ.Էվանսը ասել է.«Հարկավոր չէ անհանգստանալ, նման մտադրություններ չկան ոչ ռուսական, ոչ ամերիկյան կողմից»: Բացի այդ նա հերքել է լուրերն այն մասին, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նոր շենքում ամերիկյան ռազմական կայազոր է տեղակայվել: Ըստ նրա, ԱՄՆ աջակցում է Հայաստանին երեք ուղղություններով` անվտանգության ապահովում եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում, տնտեսական զարգացում եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացում: Բացի այդ, նա նշել է, որ սոցիալական հարցերի լուծումը կնվազցենի բախումների հնարավորությունը հարավկովկասյան տարածաշրջանում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Ջ.Էվանսը նշել է, որ չնայած որոշ մարդկանց կարծիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների դանդաղ ընթացքի մասին, նա համանախագահների աշխատանքը համարում է լավ եւ ներդաշնակ: Էվանսը բարձր է գնահատել Հայաստանի Աժ աշխատանքը, հատկապես Ազգային ժողովում ղարաբաղյան հարցի շուրջ լսումներ կազմակերպելու հարցում, որտեղ լսումների մասնակիցները եկել են այն եզրակացության, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ են փոխզիջումներ: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի էական տեղաշարժ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քանի որ հակամարտության առկայությունը խոչընդոտում է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի սոցիալական եւ տնտեսական զարգացմանը, այնպես էլ ողջ տարածաշրջանի: Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասին` Ջ.Էվանսը ընդգծել է, որ մեծ աշխատանք է տարվել երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման ուղղությամբ, եւ չնայած, որ մինչ այդ միջազգային կազմակերպությունների եւ արտերկրի դիվանագիտական ներկայացուցիչները իրենց կարծիքն էին հայտնել նախագծի վերաբերյալ եւ դա գնահատվել էր, որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, նա դրական է համարում սահմանադրական բարեփոխումների նախագիծը: «Սակայն ընտրությունը այնուամենայնիվ հայ ժողովրդինն է»,-հայտարարել է նա: Բացի այդ Ջ.Էվանսը տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է միջոցներ հատկացնել Հայաստանի ընտրական համակարգի կատարելագործման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---