Մոսկվան Հայաստանի համար ամենագրավիչ գործընկերներից մեկն է Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նշելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը համոզվածություն են հայտնել, որ համագործակցությունը Հայաստանի եւ Մոսկվայի միջեւ, ինչպես նաեւ Երեւանի եւ ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետարանների միջեւ կարեւոր դեր է կատարում երկու բարեկամ պետությունների եւ ժողովրդների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ միջոցառումների անցկացումը Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում լրացուցիչ խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: Այդ համատեքստում Ա.Մարգարյանը եւ Յու.Լուժկովը մանրամասն քննարկել են երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության հարցեր, որոնք, իրենց կարծիքով, դեռեւս հետ են մնում քաղաքականից եւ ռազմաքաղաքականից: Ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առեւտրա-տնտեսական գործընկերը` կողմերը գոհունակությամբ են նշել համագործակցության ակտիվ զարգացումը ՌԴ սուբյեկտների եւ Հայաստանի մարզերի միջեւ: Այդ գործընթացում հատուկ դեր է տրվում համագործակցությանը Երեւանի եւ Մոսկվայի միջեւ, որն, ըստ Ա.Մարգարյանի, իր տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ներուժի շնորհիվ, Հայաստանի համար հանդիսանում է ամենագրվիչ գործընկերներից մեկը Ռուսաստանում: Հայաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել, մասնավորապես, Մոսկվայում հայկական ապրանքների սեպտեմբերին կայացած ցուցահանդեսը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ընդ որում նա նշել է, որ արդյունքները գերազանցել են բոլոր սպասումները, ինչն առավել շոշափելի կդառան առաջիկայում:



Իր հերթին, Յու.Լուժկովը նշել է, որ Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը, այլ երկրների մայրաքաղաքների համեմատ, առավել ծավալուն է եւ հագեցած: Գնահատելով դա որպես երկկողմ նպատակաուղղված քաղաքականության արդյունք, Մոսկվայի քաղաքապետը արտահայտվել է գործընթացի շարունակման եւ զարգացման օգտին: Որպես փոխշահավետ համագործակցության օրինակ նա բերել է հայ եւ ռուս գործարարների խոշոր համաժողովի անցկացումը, Մոսկվայում հայկական առեւտրի կենտրոնի կառուցումը, Հայ մշակույթի կենտրոնի ստեղծման նախագիծը, ինչպես նաեւ Մոսկվայի տան հիմնադրումը Երեւանում: Ա.Մարգարյանն ու Յու.Լուժկովը համոզվածություն հայտնեցին, որ 2005-2007թթ. Մոսկվայի եւ Երեւանի գործադիր մարմինների համագործակցության ծրագրի» իրագործումը կնպաստի նրան, որ հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջեւ կբարձրանան որակապես մի նոր մակարդակի: Միեւնույն ժամանակ նրանք նշել են, որ չնայած Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճին, երկկողմ հարաբերությունների համագործակցության ոլորտում կան չօգտագործված հնարավություններ: Ա.Մարգարյանն ընդգծել է Մոսկվայի գործարար շրջանակների ակտիվացման, ինչպես նաեւ Հայաստանում, մասնավորապես Երեւանում, նոր ներդրումների անհրաժեշտությունը: Կողմերը կարեւորել են նաեւ Մոսկվայի մեծ հայկական համայնքի հնարավորությունների օգտագործումը: Յու.Լուժկովը գոհունակություն է հայտնել Մոսկվայի իշխանությունների եւ հայ համայնքի համագործակցությամբ: Ա.Մարգարյանը նշել է, որ Մոսկվայում ղեկավար պաշտոններ զբղեցնող հայերի ներգրավումը ծրագրերի մշակմանը եւ իրագործմանը, կնպաստի համագործակցության արդյունավետությանը: Հայկական եւ ռուսական կողմերի կարծիքով տնտեսական հարաբերությունների զարգացմանը կարող է նպաստել տրանսպորտայի հաղորդակցությունների կարգավորումը:



Ա.Մարգարյանն ու Յու.Լուժկովը հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ փոխշահավետ համագործակցության հարցեր զբոսաշրջության, գիտության եւ տեխնիկայի, կրթության, մշակույթի ոլորտներում: Նշվել է, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը 2005 թվականին եւ Հայաստանի տարվա անցկացումը Ռուսաստանում 2006 թվականին լավ հնարավորություն են երկու երկրների միջեւ հումանիտար կապերի զարգացման համար: Հանդիպման ավարտին Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ Յուրի Լուժկովի այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Մոսկվայի կառավարությունների միջեւ հետագա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---