Դ.Ֆրիդ. Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները ազատության եվրասիական սահմաններն են

PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներն ազատության եվրասիական սահմաններն են»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է համատեղ ջանքերով օգնեն նոր ժողովրդավարությունների համախմբմանը Եվրոպայի պարագծով եւ աջակցեն բարեփոխումներ իրականացնող ուժերին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում»: Դ.Ֆրիդը հայտարարել է, որ նման քաղաքականությունը սադրիչ կամ հակառուսական չի համարում: «Ես համոզված եմ, որ Ռուսաստանի շահերից բխում է որպես հարեւաններ ունենալ ժողովրդավարություններ, եւ ոչ թե բռնապետություններ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Նրա խոսքերով, Հարավային Կովկաս կատարած վերջին այցի ժամանակ նա հայտնաբերել է որոշակի հակասություններ ժողովրդավարության աջակցությանն ուղղված ամերիկյան քաղաքականության այն գնահատականներում, որոնք տրվում են Վաշինգտոնում եւ այլ աշխարհամասերում:





«Լրագրողները եւ հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներն ԱՄՆ-ում հաճախ հայտարարում են, որ ամերիկյան վարչակազմը ժողովրդավարության անցագիր է տրամադրում երկրներին, քանի որ մենք շահագրգռված ենք ռազմակայանների տեղակայմամբ, նավթով, կամ որեւէ այլ բանով: Չնայած դրան, բուն տարածաշրջանում հաճախ կարելի է լսել կարծիք այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը չափազանց ագրեսիվորեն է աջակցում ժողովրդավարությանը եւ գունավոր հեղափոխություններին: Իրականում, այդ մեղադրանքներից ոչ մեկը ճշմարիտ չէ», - հայտարարել է Դենիել Ֆրիդը: «Մենք պարտավորություն ունենք պաշտպանել ազատության եւ ժողովրդավարության մեր իդեալները: Մենք չենք հավատում ժողովրդավարության արտահանմանը: Բուշի վարչակազմին մեղադրել են շատ բաներում, սակայն ես հույս ունեմ, որ մեզ չեն մեղադրի նեո-տրոցկիզմի մեջ: Մեջբերեմ նախագահ Բուշի խոսքերը. «մենք ցանկանում ենք աջակցել ժողովրդավարական շարժումների եւ ինստիտուտների աճին յուրաքանչյուր երկրում եւ մշակույթում` վերջնական նպատակ ունենալով վերջ դնել բռնապետությանը մեր աշխարհում»: Այո, սրանում ինչ-որ պատրանքային բան կա, սակայն եթե 20 տարի առաջ որեւէ մեկը խոսեր Բեռլինյան պատի վերացման կամ Լեհաստանում ժողովրդավարության հաստատման մասին, դա անլուրջ կհամարեին», - նշել է Դ.Ֆրիդը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---