Ֆրանսիայում Հայաստանի տարին կարեւոր ուղերձ է բազմահազար ֆրանսահայերին

PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ Կառավարության տանը տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպչական համատեղ կոմիտեի երկրորդ նիստը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով Ֆրանսիայի միջազգային համագործակցության եւ զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Էթիենի գլխավորած ֆրանսիական պատվիրակության անդամներին, Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2006-2007թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարի հայտարարելը նշանավորում է երկու երկրների միջեւ հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը: Դա, ըստ Ա.Մարգարյանի, խորհրդանշում է եւս մի կարեւոր փուլ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններում, որոնք, մասնավորապես, վերջին շրջանում անշեղորեն զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի տարվա անցկացումը եւս մի լավագույն հնարավորություն է հայոց պատմական ու մշակութային ժառանգությանը ավելի մոտիկից ծանոթացնելու ոչ միայն Ֆրանսիային, այլեւ նրա միջոցով` Եվրոպային ու աշխարհին: Վարչապետը նշել է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին իր մեջ նաեւ կարեւոր ուղերձ է պարունակում այն բազմահազար ֆրանսահայերի համար, որոնք յուրահատուկ կամուրջ են հանդիսանում հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ կազմկոմիտեի երեւանյան նիստը կլինի նույնքան արդյունավետ, որքան նախորդը Փարիզում եւ հաջողություն է մաղթել նրա աշխատանքին:



Իր հերթին Ֆիլիպ Էթիենը ընդգծել է, որ «Հայաստան, իմ բարեկամ» խորհրդանշական խորագիրը կրող Հայաստանի տարվա անցկացումը Ֆրանսիայում բացառիկ հնարավորություն է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ակտիվ կապերն ու շփումներն առավել զարգացնելու համար: Նա նշել է, որ Ֆրանսիայում մեծ հետաքրքրություն կա հայ մշակույթի եւ ընդհանրապես, հայոց քաղաքակրթության նկատմամբ` հայ ժողովրդի բազմադարյա պատմությունից մինչեւ զարգացման եվրաինտեգրման ուղին ընտրած երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության, համատեղ աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու ջանքերի ու պատրաստակամության համար, պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կանեն ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի տարին դառնա վառ ու տպավորիչ իրադարձություն հայ-ֆրանսիական բարեկամության պատմության մեջ:

Այնուհետեւ Ֆ.Էթիենը, Ն.Տարդիվիեն եւ ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագիրն ու միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որոնք ներառում են հարյուրից ավելի միջոցառումներ: Ելույթներ են ունեցել համատեղ կոմիտեի անդամները: Ֆրանսիայի նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական տիկին Վալերի Տերանովան ընդգծել է, որ նախագահ Ժակ Շիրակը մեծ կարեւորություն է տալիս Ֆրասիայում Հայաստանի տարվա միջոցառմանը եւ իր ներկայությունը կոմիտեում հենց դրա վկայություններից մեկն է: Քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետներն են հայտնել Հայաստանում Ֆրասիայի դեսպան Անրի Կյունին եւ Ֆրանսիայում Հայաստանի դեպսպան Էդուարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության եվրոպական ու միջազգային կապերի վարչության պետ ֆրեդերիկ Բույոն, Ֆրանսիական մշակութային գործակալության գլխավոր քարտուղար Դմիտրի Օվչիննիկովը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների բաժնի պատասխանատու Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը եւ ուրիշներ: Նշվել է, որ նախատեսված միջոցառումները ներառում են ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվելիք հրապարակային հանդիսություններ, հայ մշակութային ժառանգությունը ներկայացնող երաժշտական, գրական-գեղարվեստական, թատերական խոշոր միջոցառումներ, լուսանկարչական ցուցահանդեսներ:

Մասնավորապես, 2006թ. սեպտեմբերին Երեւանում` Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման արարողության ժամանակ տեղի կունենա Շառլ Ազնավուրի եւ ֆրանսիական աստղերի համերգը Հանրապետության հրապարակում, Լուվրում կկազմակերպվի «Քրիստոնյա Հայաստան», Առլի հնէաբանության թանգարանում` «Նախաքրիստոնեական Հայաստան», Ժորժ Պոմպիդուի կենտրոնում` Արշիլ Գորկու, Գեղարվեստի ինստիտուտում` Սերգեյ Փարաջանովի, ինչպես նաեւ Այվազովսկու, Սարյանի, Քոչարի, ժամանակակից ու նորարարական արվեստի եւ այլ ցուցահանդեսներ: Նշվել է նաեւ, որ ծրագրի հետագա քննարկումների ընթացքում այն կարող է հարստանալ մշակույթի, կրթության, զբոսաշրջության, տնտեսության եւ այլ ոլորտներին առնչվող լրացուցիչ միջոցառումներով: Կարեւորվել է անցկացվելիք միջոցառումները ԶԼՄ-ներով լավագույնս լուսաբանելու խնդիրը: Ֆրանսիական պատվիրակության անդամները հավաստել են, որ միջոցառումների կազմակերպման համար ֆրանսիական կողմից կտրամադրվեն Ֆրանսիայի լավագույն սրահներն ու մշակութային հաստատությունները: Հայաստանի տարվան նվիրված միջոցառումներ կկայանան Ֆրանսիայի շուրջ չորս տասնյակ քաղաքներում ու բնակավայրերում: Որոշվել է համատեղ կոմիտեի երրորդ եւ չորրորդ նիստերն անցկացնել 2006թ. մարտին Փարիզում եւ մայիսին` Երեւանում, իսկ մինչ այդ աշխատանքային խմբերն ակտիվորեն կաշխատեն միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ: Նիստի ավարտին Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիական պատվիրակությանը, նիստի բոլոր մասնակիցներին` արդյունավետ աշխատանքի համար, վստահություն հայտնելով, որ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով հնարավոր կլինի իրականություն դարձնել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---