Նոր Ջուղայում բողոքի ցույց է անցկացվել` ուղղված Նախիջեւանի հայկական հուշարձանների ավերման դեմ

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Ադրբեջանի ոճրային քաղաքականության դեմ բողոքի համահավաք է անցկացվել Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության սրահում(Իրան): Ցույցի մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի հանցագործությունը, մասնավորապես, հայկական հուշարձանների եղծումը, որոնք ոչ միայ հայերին են պատկանում, այլեւ ամբողջ մարդկությանը: «Խաչքարերի ոչնչացման վանդալիզմը ուղղակիորեն գործադրվում է հայ ժողովրդի գոյությունը այդ շրջանում ուրանալու ուղղությամբ եւ ծառայում է պանթուրքիզմի նպատակներին: Մենք եւ մեզանից յուրաքանչյուրը` որպես ժառանգորդը հինջուղայաբնակների, մեզ իրավունք ենք վերապահում հետեւել խնդրին եւ իրավունքի առումով դատ հարուցել որտեղ հարկ է: Այսօր Ադրբեջանը պետական մակարդակով բոլոր ջանքերը գործադրում է հայ մշակույթի եւ պատմության հետքերի ոչնչացման ուղղությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում ենք դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնը»,- հայտարարել են միջոցառման մասնակիցները: Ցույցի ընթացքում ընդունվել է բանաձեւ, որով ՄԱԿ-ից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից, միջազգային ատյաններից եւ Եվրախորհրդարանից պահանջում են դատապարտել քաղաքական կամ այլ դրդապատճառներով տարբեր ազգերի ու կրոնների պատկանող պատմամշակութային ժառանգության եւ արժեքների ոչնչացումը, որը մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության պատկան նախարարություններից պահանջում են Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրել` Հին Ջուղայում հայկական պատմամշակութային կոթողների պահպանման եւ վերականգնման ուղղությամբ: Համահավաքի օրը կազմակերպվել է ստորագրահավաք, ինչպես նաեւ տեղի է ունեցել նոր կայքէջի շնորհանդեսը` www.jugha-cross-stones.com հասցեով, հաղորդում է Թեհրանի «Ալիք» օրաթերթը :
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---