Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրսբերման հարցը արդարացված էր, հայտարարել է Մ. Գորբաչովը

PanARMENIAN.Net - «Մոսկվան պատրաստվում էր 180 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի զարգացմանը հատկացնել 1 միլիարդ ռուբլի, ստիպել Բաքվին վերականգնել բոլոր դոտացիաները, բացել կապը Հայաստանի հետ եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրել Ինքնավար հանրապետության կարգավիճակ»,- հայտարարել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարող էր Մոսկվան պահանջել Ադրբեջանից ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրել Ղարաբաղին` առանց Հայաստանի հետ միանալու: «Բայց այդ ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղը հռչակվեց Հայաստանի անբաժանելի մաս: Ես ի՞նչ պետք է անեի: Զորքե՞ր մտցնեի Հայաստան: Իմ տեսանկյունից, Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրսբերման հարցը արդարացված էր», - հայտարարել է Գորբաչովը եւ ավելացրել. - «Փոխզիջման հնարավոր էր հասնել միայն ԽՍՀՄ շրջանակներում: Ուժի կիրառումը ոչ մի արդյունք չէր տա: Դրա վառ ապացույցը Չեչնիան է»: Այն պնդմանը, թե իր օրոք զորքեր են մտցվել Թբիլիսի, Վիլնյուս եւ Բաքու, Գորբաչովը պատասխանել է, թե իր հրամանով զորքեր են մտցվել միայն Բաքու: «Իրադարձությունները Բաքվում դարձել էին անկառավարելի, Գերագույն խորհուրդը եւ ԽՄԿԿ-ն կաթվածահար էին, քանդվել էր 200-կիլոմետրանոց պետական սահմանը, հարձակումներ էին կատարվում տեղական մարմինների վրա: Ես շտապ Բաքու գործուղեցի Եվգենի Պրիմակովին եւ Անդրեյ Գիրենկոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ հայտարարել ու զորքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխվեց ավելի մեծ արյունահեղությունը», - ասել է Միխայիլ Գորբաչովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---