Արման Մելիքյան. Ադրբեջանական պետությունը պետք է պատժվի

PanARMENIAN.Net - Հակամարտության զարգացման յուրաքանչյուր փուլ բարդեցնում էր խաղաղ լուծումների որոնումը: Եթե 1988 թ. Ղարաբաղի հայերը դեռեւս կարող էին քննարկել իրենց ինքնավարության կարգավիճակը մինչեւ ինքնավար հանրապետության կարգավիճակի բարձրացումը, ապա 1994 թվականին խաղաղ պայամանագիր կնքելիս ոչ ոք Ղարաբաղում արդեն չէր էլ կարող մտածել Ադրբեջանի կազմում որեւէ ինքնավար կարգավիճակի մասին: Այդ մասին «Կայունության մոդելները Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում» գիտա-պրակտիկ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: Ըստ նրա, ադրբեջանական իշխանությունների հարցը ուժի դիրքերից լուծելու յուրաքանչյուր նոր փորձ ԼՂՀ առջեւ հարց է դնում ժողովրդի անվտանգության պատշաճ մակարդակ ապահովելու եւ այն պահպանելու երաշխիքներ ստեղծելու վերաբերյալ: «Մյուս կողմից, ինչ էլ ասվի այն մասին, թե այսօր բարդ է պարզել ով է ճիշտ, ով է մեղավոր, ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական պահանջներին ադրբեջանական իշխանությունները որոշում չորոնեցին քաղաքական դաշտում, այլ փորձեցին հարցը լուծել ուժով, որի համար Ադրբեջանական պետությունը պետք է կրի համարժեք պատիժ եւ ճանաչի իր պատասխանատվությունը հարյուր հազարավոր մարդկանց տառապանքների, ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ ԼՂՀ պետությանը հասցված նյութական վնասի համար»,-ընդգծել է Մելիքյանը:



ԼՂՀ նախագահի խորհրդականը համարում է, որ հաշտեցման ճանապարհի սկիզբ կարող է հանդիսանալ Ղարաբաղի անկախության ճանաչումը Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանը պետք է հստակ արտահայտվի հայ փախստականներին փոխհատուցումների վճարման հարցի շուրջ: Համապատասխան փոխհատուցում Ադրբեջանի իշխանությունները պետք է վճարեն նաեւ ադրբեջանցիներին, որոնք դարձել են ներքին տարածքում տեղահանվածներ սեփական ղեկավարության կամքով: Այսօրվա դրությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող որոշ տարածքներ կատարում են անվտանգության գոտու դեր, սակայն, եթե տրամաբանորեն ընդունելի ժամանակահատվածում ադրբեջանական կողմը չձեռնարկի նշված գործողությունները, ապա այդ տարածքները, անվտանգության գոտու դեր կատարելու հետ մեկտեղ, կարող են ռեսուրս դառնալ հայ փախստականների նյութական կորուստները փոխհատուցելու եւ նրանց օրինաչափ վերաբնակեցման համար, քանի որ, որպես նախկին Ադր.ԽՍՀ քաղաքացիներ, նրանք իրավունք ունեն բնակվելու նրա տարածքի այն մասում, որն իրենք կնախընտրեն, եւ որտեղ կերաշխավորվեն նրանց իրավունքները` առաջին հերթին կյանքի իրավունքը:

Արման Մելիքյանը նշել է նաեւ, որ ուժի կիրառումը պետք է դատապարտվի եւ պատժվի, քանի որ առանց դրա անհնար է լիարժեք զարգացումը ոչ միայն Ադրբեջանի կամ Ղարաբաղի, այլ նաեւ ողջ Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---