Թուրք զինվորականների հայտարարությունները լավ ավարտ չեն ունենա Ադրբեջանի համար

PanARMENIAN.Net - «Թուրքիայի գլոբալ ռազմավարական հետազոտությունների կենտրոնը ուղղակիորեն աշխատում է Թուրքիայի Գլխավոր շտաբի վրա եւ գեներալ Նեջաթ Էսլենի հայտարարությունները մենք կարող ենք ընկալել որպես հերթական հոգեբանական ազդեցություն Հայաստանի հանդեպ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, այդ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է ադրբեջանա-թուրքական հակահայկական ռազմաքաղաքական դաշինքի գոյությունը: Միեւնույն ժամանան Այվազյանը նշել է, որ Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ հաճախակի հակված են մոռացության տալու այդ դաշինքի գոյությունը: «Նրանց համար, ով ծանոթ է տարածաշրջանի աշխարհառազմավարական պատմությանը, նման հայտարարությունները նորություն չեն: Ադրբեջանի համար դրանք լավ ավարտ չեն ունեցել եւ չեն ունենա, առնվազն հետխորհրդային շրջանում: Հայաստանի պետական մարմինները, ինչպես նաեւ հայկական Սփյուռքը պետք է ունենան հստակ, նույնիսկ կարելի է ասել ագրեսիվ դիվանագիտություն եւ տեղեկատվական քաղաքականություն չեզոքացնելու համար իրական թուրք-ադրբեջանական սպառնալիքները»,-ընդգծել է Ա.Այվազյանը:



Հիշեցնենք, որ Թուրքիայի գլոբալ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի անդամ, պահեստի գեներալ-մայոր Նեջաթ Էսլենը հայտարարել էր, թե հավատում է, որ «պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կհաղթի»: «Սակայն մինչ այդ պետք է լուծել քաղաքական հարցերը: Քանի որ Ադրբեջանի թշնամիները միայն հայերը չեն: Ադրբեջանն ինքը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հարցը: եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, դրան չեն խոչընդոտի ոչ Եվրամիությունը, ոչ ԱՄՆ-ն: Թուրքիան պետք է պատրաստ լինի օժանադակություն ցուցաբերելուն, քանի որ Ադրբեջանը կարեւոր պետություն է համաշխարհային տերությունների համար»,-ասել է նա: Նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մի շարք հարցերում արդեն գործում են միասին, Ն.Էսլենը հայտարարել է, որ այդ համագործակցությունը կտարածվի նաեւ ռազմական ոլորտի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---