ԱՄՆ. Ղարաբաղի շուրջ համաձայնությունը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներից

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները իրենք են որոշել օգնություն խնդրել միջազգային հանրությունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրենց երկխոսությունը կազմակերպելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Քի Ուեսթում կողմերը մոտ էին համաձայնության, սակայն ոչինչ չստացվեց: «Այս անգամ եւս մենք մոտ ենք դրան: Հնարավոր է, որ այս անգամ ստացվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճնշում չեն գործադրի որեւէ որոշում կայացնելու համար: Համաձայնությունը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներից: Իսկ համանախագահները որոշ գաղափարներ են առաջարկել, որոնք կարող են լավ հող հանդիսանալ հակամարտության կարգավորման համար: Մենք առաջարկել ենք նախագահներին չեզոք լինելով, կողմնապահություն չանելով»,-նշել է Ֆրիդը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ որպես Ամերիկայի ներկայացուցիչ, նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ տեսնել, թե ինչպես են Ադրբեջանին «վերադարձվում հնարավորինս շատ տարածքներ եւ ադրբեջանցիները վերադառնում են իրենց հայրենի վայրերը»: «Այստեղ կան երկու երկրների շահերը: Կան մի շարք տարբերակներ: Մենք առաջարկել ենք օպտիմալ տարբերակը: Իսկ այժմ ամեն ինչ կախված է նախագահներից: Կարծում ենք, որ երկու նախագահները լուրջ անձեր են: Նրանք քննարկում են այն գաղափարները, որ մենք ներկայացրել ենք: Մենք չենք ցանկանում ճնշում գործադրել: Իսկ որպես երկու երկրների բարեկամներ ցանկանում ենք օգնություն ցույց տալ նրանց»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:



Նա նաեւ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակները ծառայում են լուծման ուղիներ որոնելու համար: «Մենք աշխատում ենք, որ դրա համար բանաձեւեր չընդունվեն, այլ գտնվի հենց որոնման ուղին: Քանի դեռ Մինսկի խումբը գործում է, մենք ցանկանում ենք տեսնել ուշադրության կենտրոնացում: Սակայն, կրկնում եմ, ամեն ինչ կախված է նախագահներից»,-հայտարարել է Դենիել Ֆրիդը,-հաղորդում է ԱզերԹաջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---