Ռուսաստանի ազգային համայնքները պետք է մտածեն անվտանգության մասին

PanARMENIAN.Net - Այլատյացության աճի պատճառով Ռուսաստանի ազգային համայնքները պետք է մտահոգվեն իրենց ներկայացուցիչների անվտանգության մասին: Ռուսաստանում ապրող էթնիկ հայերն սկսում են իրենց վրա զգալ կենցաղային ազգայնամոլության ազդեցությունը: Այդ մասին հայտարարել է մոսկվացի պատմաբան, ազգաբանության մասնագետ, պրոֆեսոր Սերգեյ Հարությունովը: Նրա խոսքերով, պատմականորեն հայերը Ռուսաստանում լուրջ խնդիրներ չեն ունեցել: «Ընդհանուր առմամբ հայերն ուղղափառ են, չնայած դա ուղղափառության յուհատուկ մի ճյուղ է: Նրանք հասկանում էին (եւ' ռուսները, եւ' հայերը), որ Օսմանյան Թուրքիան սպառնալիք է հանդիսանում նրանց գոյության համար: Այժմ հայերն սկսում են իրենց վրա զգալ կենցաղային ազգայնամոլության ազդեցությունը: Առաջ դա չի եղել»,- նշել է նա:



Պրոֆեսոր Հարությունովը գտնում է, որ տնտեսական հանգամանքների բերումով Հայաստանում մեծ արտագաղթ է սկսվել դեպի Ռուսաստան: «Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում հայկական փոքր համայնքներ են ձեւավորվում: Սակայն այդպիսի համայքներ կան ամենուրեք: Այդ համայնքների վերաբերյալ բավական հետաքրքիր ուսումնասիրություններ կան մասնագետ սոցոլոգների ու ազգաբանների կողմից: Որպես կանոն, թշնամանք չի առաջանում: Սակայն երբեմն լինում է, քանի որ թե' հայերի, թե' ռուսների մոտ այլ վարվելաձեւ է»,- ընդգծել է նա:



Միեւնույն ժամանակ, նա ասեց, որ հայկական համայնքը դժվար թե ինքնապաշտպանության միջոցների դիմի եւ այլն: «Ծիծաղելի կլիներ այդպես մտածել: Այն մարդիկ, ովքեր գոչում են «Փա'ռք Ռուսաստանին» կամ դանակ են կիրառում լրիվ անպաշտպան, անմեղ հայ տղայի դեմ, վիրավորված են ճակատագրի կողմից: Նրանք անհաջողակներ են: Դրանք թերարժեքության բարդույթ ունեցող, հոգեկան հիվանդ մարդիկ են»,- ասել է Հարությունովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---