Բաքու. «Ղարաբաղը կարելի է վերադարձնել միայն խաղաղ ճանապարհով` ղարաբաղցի հայերի համաձայնությամբ»

PanARMENIAN.Net - «Ուժով Ղարաբաղը չես վերադարձնի, մենք ուժ չունենք եւ չենք ունենա ռուս-հայկական դաշինքի դեմ»,-Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հիքմետ Հաջիզադեն: Նրա համոզմամբ, «Ղարաբաղը կարելի է վերադարձնել միայն խաղաղ ճանապարհով` ղարաբաղցի հայերի համաձայնությամբ»: Անդրադառնալով ԼՂՀ-ում հանրաքվեի հարցին, ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ նման հանրաքվեի ընդգրկումը շրջանակային պայմանագրի մեջ լուրջ պարտություն է ադրբեջանական դիվանագիտության համար: «Նույնիսկ եթե Ադրբեջանի ղեկավարությանը հաջողվի հրաժարվել խաղաղ պայմանագիր կնքելուց, հանրաքվեի մասին հարցը լինելու է կարգավորման վերաբերյալ մյուս բոլոր խաղաղ պայմանագրերում»,-ասել է Հաջիզադեն:



Միեւնույն ժամանակ նա մեկ անգամ եւս հաստատեց, որ 2006 թվականը չի դառնա ղարաբաղյան խնդրի լուծման տարի: «Մեծ հաշվով, սա հակամարտություն է ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այլ Ադրբեջանի եւ ռուս-հայկական դաշինքի միջեւ, կարելի է նույնիսկ ասել, որ սա հակամարտություն է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Եթե Ադրբեջանը նույնիսկ համաձայնվի ԵԱՀԿ առաջադրած բոլոր պայմաններին, ապա, բարեբախտաբար, Ռուսաստանի ճնշման տակ Ղարաբաղն ու Հայաստանը կհրաժարվեն այդ ծրագրից: Իր հերթին, Արեւմուտքը չի ցանկանում մեր փոխարեն պատերազմել Ռուսաստանի հետ: Ղարաբաղյան խաղաղությունը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Արեւմուտքն ու Ռուսաստանը կկարգավորեն իրենց գլոբալ հակասությունները, որից մեկն, ի դեպ, ոչ ամենակարեւորը, Ղարաբաղն է»,-ընդգծել է Հաջիզադեն:

Ադրբեջանցի քաղաքագետը կարծում է նաեւ, որ Արեւմուտքը ցանկանում է որքան հնարավոր է արագ հասնել ղարաբաղյան խաղաղության, որպեսզի կայուն պայմաններում «շարունակի շահագործել Ադրբեջանի էներգառեսուրսները եւ օգտագործի նրա տարածքը ռազմավարական նպատակներով: Հանուն դրա նրանք պատրաստ են աջակցել ցանկացած անարդար խաղաղության: Որոշ շրջանակներ Արեւմուտքում փորձում են գործերն այնպես ներկայացնել, թե իբր Ղարաբաղը ոչ թե գրավյալ, այլ վիճարկելի տարածք է, իբր թե Աբխազիան եւ Օսեթիան վրացական հողեր են, իսկ Ղարաբաղը բոլորովին այլ բան է»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---