Պատմական հաշտեցումը տարածաշրջանի ժողովրդների միջեւ ղարաբաղյան կարգավորման գրավականն է

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանն ու եւրոպական մի շարք երկրներ ներկայացնող իրավապաշտպաններից եւ լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին, Արկադի Ղուկասյանը հատկապես կարեւորել է Արցախում ադրբեջանական պատվիրակության ներկայության հանգամանքը, ինչը, նրա խոսքերով, պատերազմով բաժանված երկու հասարակությունների ներկայացուցիչների միջեւ կառուցողական երկխոսության դրական օրինակ է: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) համանախագահ եւ կազմակերպության Ադրբեջանի ազգային կոմիտեի համակարգող Արզու Աբդուլլաեւան իր խոսքում նշել է, որ ՀՔԱ ադրբեջանցի անդամներն ու վերջերս Բաքվում ստեղծված «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասարակական խորհուրդը» հանդես են գալիս բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության, հակամարտության խաղաղ կարգավորման ու հասարակությունների միջեւ դրացիական հարաբերությունների հաստատման օգտին: Տիկին Աբդուլլաեւան ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հայաստանյան, ադրբեջանական եւ ղարաբաղյան ՀԿ միջեւ առկա է փոխըմբռնման եւ համագործակցության ջերմ մթնոլորտ: «Մենք կուզեինք, որ նման մթնոլորտ տիրեր նաեւ կողմերի պաշտոնական շրջանակների շփումների ժամանակ»,-ասել է նա: Հանդիպման մասնակիցներն արծարծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ ժողովրդների ու հասարակությունների միջեւ փոխադարձ վստահության հաստատման խնդիրները:



Պատասխանելով հյուրերի հարցերին, ԼՂՀ նախագահը մասնավորապես նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման եւ խաղաղության հաստատման կարեւորագույն նախապայմանը տարածաշրջանի ժողովրդների միջեւ պատմական հաշտության հաստատումն է: «Առանց նման հաշտության դժվար կլինի իրագործել հակամարտության կարգավորման ցանկացած պայմանագիր, վերացնել պատերազմի հետեւանքները եւ ճանապարհ բացել դեպի տարածաշրջանային զարգացում»,- նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---