Ա.Ղուկասյան. ԵԱՀԿ ՄԽ-ն գիտակցում է, որ առանց Սետփանակերտի ղարաբաղյան հարցը լուծել անհնար է

PanARMENIAN.Net - «Անկասկած, մեր զրույցի հիմնական հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն էր բանակցություններին, եւ ինձ թվում է, թե պարոն Բրայզան հասկանում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել: Դա գիտակցում է ոչ միայն նա, այլ նաեւ բոլոր միջնորդները: Իհարկե, քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր, սակայն կարելի է ասել, որ բանակցություններին ԼՂՀ մասնակցության հարցը առաջինն էր օրակարգում»: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպումից հետո: Ա.Ղուկասյանը հաղորդեց, որ ինքը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը խնդրի տարբեր ասպեկտների շուրջ: «Անշուշտ, բանակցությունների բոլոր մանրամասները ես չեմ կարող բացահայտել դրանց գաղտնիության պատճառով: Հասկանալի է, որ մեր դիրքորոշումը որոշ չափով տարբերվում է միջնորդների առաջարկած մոտեցումներից, սակայն որեւէ լուրջ հակաճառություն ես չլսեցի»,-ասել է ԼՂՀ նախագահը:



Անդրադառնալով միջնորդների հրապարակած առաջարկներին, Արկադի Ղուկասյանն ասել է. «Ես չեմ կարող մանրամասն վերլուծել առաջարկների ողջ փաթեթը, սակայն առաջարկածն ընդհանուր առմամբ չի բացառում, որ մենք կարող ենք պաշտպանել մեր սկզբունքները»,-ասել է Ա.Ղուկասյանը` նշելով, որ չի կարելի համատեքստից առանձին տարրեր անջատել, քննարկել ադրբեջանցի փախստականների հարցը հայ փախստականների խնդրից զատ, իսկ տարածքների հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համատեքստից դուրս: Պատասխանելով այն հարցին, թե չեն ճնշում արդյոք միջնորդները հակամարտության կողմերի վրա, Ա.Ղուկասյանն ասաց.«Անձամբ ես երբեք չեմ բախվել նման խնդրի իմ պրակտիկայում: Իսկ իմ փորձը հարուստ է` սկսած 1992 թվականից ես այդ գործընթացի մեջ եմ»: Ընդ որում Լեռնային Ղարաբաղի նախագահը նշեց, որ «մենք չենք կարող ժողովրդին մի բան ասել, իսկ համանախագահներին` մեկ այլ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---