Թուրքիայի ոստիկանությունը փորձել է ձերբակալել հայ պատգամավորին Ցեղասպանության մասին հայտարարության համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Ստամբուլում մեկնարկեց հեռասփռողների Newsxchange միջազգային համագումարը, որին Հայաստանից մասնակցում էին Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի պատասխանատու Հարություն Հարությունյանը եւ «Երկիր Մեդիա» հեռուստատեսության լրատվական բաժնի պատասխանատու, ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: Նիստում ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որն իր խոսքի մեջ դարձյալ կրկնել է Թուրքիայի պաշտոնական տեսակետը` թե Հայոց Ցեղասպանությունը տեղի չի ունեցել: Ապա ելույթ է ունեցել Գեղամ Մանուկյանը եւ ակնարկելով վարչապետի այն խոսքին, թե պատերազմի պատճառով հայերը միայն սահմանային շրջաններից են տեղահանվել, հարց է տվել վարչապետին, թե ինչպե՞ս է պատահել, որ Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապը ձերբակալվեց ու սպանվեց: Նա նաեւ ասել է, որ Ստամբուլն այն քաղաքն է, ուր 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականության ձերբակալությամբ խորհրդանշում է Հայոց Ցեղասպանության սկիզբը: Գ.Մանուկյանը կոչ է ուղղել թուրք հասարակությանը եւ հատկապես լրագրողներին, որ նախաձեռնեն իրենց պատմության այդ սեւ էջերի ուսումնասիրությունը, ճանաչեն իրենց պատմությունը եւ ընդունեն Հայոց Ցեղասպանության փաստը: Իր ելույթի ժամանակ Գ. Մանուկյանը ցուցապաստառ է պարզել, որի վրա անգլերենով գրված էր.«Թուրքիան պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:



Ոստիկանները ցանկացել են նրան դահլիճից դուրս հանել եւ տանել իրենց հետ, սակայն լրագրողները թույլ չեն տվել եւ Գ.Մանուկյանին խնդրել են մամլո ասուլիս տալ: Գ. Մանուկյանը թուրքերենով եւ անգլերենով կրկնել է թուրք հասարակությանը եւ լրագրողներին ուղղված իր կոչը: Համագումարի կազմակերպիչները հայտարարել են, որ, եթե ոստիկանները փորձեն Մանուկյանին տանել, ապա իրենք եւս կընկերանան նրան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---