ANCA-ն իրավաբանական իրավունք ունի թեկնածուներ առաջադրել ԱՄՆ Կոնգրեսի համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ այն փոքրաթիվ հասարակական կազմակերպություններից է, որ իրավաբանական իրավունք ունի աջակցել եւ նույնիսկ թեկնածություններ առաջադրել իշխանության օրենսդիր մարմիններում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերջին ընտրություններում հայ համայնքը սատարում էր ԱՄՆ օրենսդիր մարմինների շուրջ 50 թեկնածուների, ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ նահանգների մակարդակով: «Հայերը սատարում էին ոչ միայն դեմոկրատներին, այլ նաեւ հանրապետականներին: Տոկոսային հարաբերությամբ «մեր» թեկնածուների 1/3 կազմում էին հանրապետականները, իսկ 2/3` դեմկրատները: Իսկ Կալիֆորնիայում մենք սատարում էինք նահանգապետի պաշտոնի երկու թեկնածուներին, քանի որ Առնոլդ Շվարցենեգերը եւ նրա հակառակորդը մեծ հարգանք են վայելում հայ համայնքի շրջանում: Ընտրություններից առաջ ԱՀԴՀ-ն գրեթե բոլոր թեկնածուների շրջանում տարածել է հայկական խնդիրներին նվիրված ժողովածու, որտեղ հիմնական տեղը գրավում են Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության , Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության հավասարության, Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հարցերը»,-նշել է Մանոյանը:



«Հայ դատի» գրասենյակի ղեկավարը նշեց նաեւ, որ հայ համայնքը հիանալի հասկանում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ավելի շատ ուղղված է Թուրքիային, քան հայկական խնդիրների լուծմանը: «Սակայն պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Ուկրաինայում կատարված սովամահությունը որպես ցեղասպանություն, ինչպես նաեւ Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանությունները: Մենք հուսով ենք, որ դեմոկրատները կսկսեն քննարկել նորընտիր Կոնգրեսի նիստերի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի ընդգրկումը: Բնականաբար մեզ կարող է անհաջողություն սպասել վերջին փուլում, եթե ԱՄՆ նախագահը հրաժարվի ստորագրել օրինագիծը, սակայն դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել: Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքն այդ ուղղությամբ»,-ընդգծել է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---