Եվրոպայի Խորհուրդը բավարարված չէ Ադրբեջանի կողմից սեփական պարտավորությունների կատարումից

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանը Ստրասբուրգում ընդունել է դիտորդական առաքելության զեկուցողների հաշվետվությունը` Ադրբեջանի կողմից ԵԽ առջեւ պարտավորությունների կատարման վերաբերյալ: Քննադատության առավել սուր անկյունները նրբացնելու ադրբեջանական կողմի փորձերը հաջողությամբ չպսակվեցին, հայտնում է Turan-ը: Զեկույցի քննարկման ժամանակ աչքի է ընկել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ով հայտարարել է, որ Ադրբեջանում մեծ ձեռքբերումներ կան, եւ նույնիսկ Ստրասբուրգ ժամանած իրավապաշտպաններն ու քաղաքական գործիչները դա ընուդունում են: Սակայն Սեիդովի խոսքերը հեգնանքով հերքել է Անդրես Հերկելը, ով անհամաձայնություն է հայտնել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի «փայլուն» ելույթի կապակցությամբ: Ադրբեջանում նվազել է քաղբանտարկյալների թվաքանակը, սակայն դա չի նշանակում խնդրի լուծում: Երկրում ծաղկում է ապրում կոռուպցիան, դատա-իրավական դաշտում անօրինությունը: Դատավորները անկախ չեն: Խորհրդարանը բավարար լիազորություններ չունի: Ընտրությունները կեղծվում են: Ընդդիմության անդամները չեն ընդգրկվում խորհրդարանական պատվիրակությունների կազմերում: Թոնի Լլոյդը, խոսելով քաղբանտարկյալների խնդրի մասին, նշել է, որ «դա արդար դատարանների բացակայության» արդյունք է: Լեո Պլատվոետը ուշադրությունը կենտրոնացրել է այն հարցի վրա, որ տնտեսության աճը, որի մասին բարձր խոսում են ադրբեջանցի պատգամավորները, հանգեցրել է կաշառակերության աճի, այլ ոչ թե մարդկանց բարեկեցության աճի:



Զեկույցում նշվում է Ադրբեջանի կողմից իր պարտավարությունների կատարման հարցում ԵԽԽՎ վերահսկողության հատուկ կարեւորությունը` 2008 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք «պետք է միջազգային չափանիշերին համապատասխան առաջին ընտրությունները դառնան երկրի պատմության մեջ»: Պետք է անհապաղ լուծվի ընտրական հանձնաժողովների կազմերի հարցը, որոնք պետք է օգտվեն ընտրազանգվածի եւ բոլոր քաղաքական ուժերի վստահությունից:



«Կոռուպցիան մնում է Ադրբեջանի գլխավոր խնդիրը, ինչը վերաբերում է հասարակության բոլոր մակարդակներին եւ սպառնում է երկրի տնտեսական, հասարակական եւ քաղաքական զարգացմանը: Զրպարտության համար քրեական հետապնդման պահպանումը բերում է ահաբեկման եւ ինքնացենզուրայի ԶԼՄ-ներում»,- նշվում է հաշվետվության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---