Չճանաչված հանրապետությունների ՄԽՎ-ն կտեղեկացնի միջազգային հանրությանը, թե որքան ժողովրդավարական են եղել ընտրությունները Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Ամենակարեւորն այն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչվեն ժողովրդի կողմից: Այդ մասին հայտարարել է «Հանուն ժողովրդավարության եւ ժողովուրդների իրավունքների» Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Գրիգորի Մարակուցան` մեկնաբանելով չճանաչված հանրապետությունների ընտրությունները ճանաչելու միջազգային հանրության մերժումը:



Նրա խոսքերով, «չգիտես ինչու, ոչ մեկի մտքով անգամ չի անցել դիտորդներ ուղարկել կամ էլ հարց բարձրացնել Մեծ Բրիտանիայում կամ էլ Գերմանիայում անցկավող ընտրությունների ճանաչման կամ չճաչաման մասին»: «Ինչու պետք է մենք նվաստանանք` ընկնելով այդ ճանաչման ետեւից»,- նշել է նա, հավելելով, որ «միջազգային հանրությունը որոշակի պրոտեկտորատ է հաստատել մեր նկատմամբ, ցանկանում է իր ժողովրդավարությունը տարածել եւ գնահատել` արդյոք լավ են անցկացվում ընտրությունները»:



Այդ կապակցությամբ, Մարակուցան նկատել է, որ Ընտրական օրենսգիրքը եւ հենց գործընթացը հետխորհրդային տարածքի երկրներում շատ ավելի ժողովրդավարական է, քան Արեւմուտքում, քանի որ որոշ պետությունների օրենսդրություններով արգելվում է միջազգային դիտորդների ներկայությունը, իսկ ձայները հաշվելու ժամանակ թեկնածուների վստահված անձանց ներկայության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող: «Չկան մեզ մոտ անցկացվող ընտրություններից արդար ընտրություններ»,- ամփոփել է նա: Նա նաեւ տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտրությունների արդյունքների հարցով «Հանուն ժողովրդավարության եւ ժողովուրդների իրավունքների» ՄԽՎ-ը համատեղ հայտարարություն կընդունի: Արձանագրությունը կհնչի միջազգային հանրության համար, որպեսզի այն եւս տեղեկացված լինի, թե որքան ժողովրդավարական են եղել ընտրությունները Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ «Հանուն ժողովրդավարության եւ ժողովուրդների իրավունքների» Միջխորհրդարանական վեհաժողովի մեջ մտնում են Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը: Լեռնային Ղարաբաղը դիտորդի կարգավիճակ ունի այդ կառույցում: ԼՂՀ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին որոշումը կայացվել է ՄԽՎ-ի կողմից Սուխումում 2007 թվականի հունիսի 24-ին կայացած չորրորդ նիստի ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---