Բաքուն Ղարաբաղից հրաժարվելու դիմաց կարող է ԱՄՆ-ից ստանալ փոխհատուցում Հարավային Ադրբեջանի տեսքո՞վ

PanARMENIAN.Net - «Հատկանշական է, որ ամերիկացի դիտորդների մի մասը ժամանել էր ԼՂՀ նախագահական ընտրություններին Կոսովոյից եւ դրանց ավարտից հետո ետ վերադարձավ: Նրանց շարքում էին Միջազգային հանրային իրավունքի եւ քաղաքականության խմբի եւ Կոսովոյի հիմնադրամի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները: Ստացվում է, որ Կոսովոյի եւ Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությամբ զբաղվում են նույն մարդիկ: Արդյո՞ք դա նշանակում է, որ Վաշինգթոնը կարող է Կոսովոյի նկատմամբ իր մոտեցումը կիրառել նաեւ ԼՂՀ դեպքում»,- գրում է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը «Նովայա Պոլիտիկա» կայքում հրապարակված «ԱՄՆ-ն Ղարաբաղը կփոխանակեն Հարավային Ադրբեջանո՞վ»:



Ինչպես նշվում է հոդվածում, «հաշվի առնելով ներկա վաշինգթոնյան վարչակազմի կիրքը սահմանները փոխելու նկատմամբ, նման առաջարկությունը այնքան էլ աբսուրդային չի թվում: Տարբերությունը միայն նրանում է, որ Սերբիայի կապիտուլյացիայի դեպքում նրան չի առաջարկվում ոչինչ, բացի ԵՄ-ում անդամակցության անհիմն խոստումներից: Իսկ Ադրբեջանը Ղարաբաղից հրաժարվելու դեպքում կարող է իրական փոխհատուցում ստանալ ԱՄՆ-ից Հարավային Ադրբեջանի տեսքով: Այդպիսով, որոշումը կարող է ծնվել Իրանի հաշվին, որի մասնատման ծրագրերը վաղուց եւ բացեիբաց քննարկվում են արեւմտյան ԶԼՄ-ներում եւ ամերիկյան փոխրձագիտական հասարակությունում:



Ակնհայտ է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը Կոսովոյի տարբերակով կարող է գրավիչ լինել ԱՄՆ-ի ներկա վարչակազմի համար բազմաթիվ պատճառներով: Այն թույլ կտա լուծել նրա գլխավոր խնդիրը Կովկասում. Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միաժամանակյա անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Դա կապահովի Ռուսաստանի դուրս մղումը Հարավից: Բացի այդ, դա հնարավորություն կտա գործի դնել Իրանը էթնիկ միավորների բաժանման սցենարը: Այդ կապակցությամբ շատ հատկանշական է Իրանի վրա մոտ ժամանակներս հարձակվելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին ինֆորմացիան, որը տարածվել է արեւմտյան ԶԼՄ-ներում «տեղեկացված աղբյուրներից»:



«Կարող է՞ արդյոք նման տարբերակը ընդունելի դառնալ Հայաստանի համար եւ կարող է՞ արդյոք նա այդ դեպքում այնպիսի շահեր ստանալ, որոնք կստիպեն նրան հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից: Կարծում եմ, որ այո: Սակայն միայն այն դեպքում, եթե Ղարաբաղյան կարգավորումը իրոք համընդհանուր բնույթ կրի: Այդ թվում ընդգրկի Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը, առանց որի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դժվար թե հնարավոր լինի:



Կարո՞ղ է արդյոք նման տարբերակի գնալ Թուրքիան: Այո, եթե նրանից նյութական եւ տարածքային փոխհատուցում չպահանջեն եւ նա կկարողանա սահմանափակվել թուրք ազգի համար ոչ վիրավորական ցեղասպանության ճանաչման «նուրբ տարբերակով»: Իսկ Հայաստանի համար 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար փոխհատուցում կարող է լինել Ղարաբաղը: Իսկ դրա համար պետք է համոզել Բաքվին հրաժարվել Լեռնային Ղարաբաղից նրա ներկա փաստացի սահմաններում` Հարավային Ադրբեջանի տարածքն ստանալու պայմանով: Ճիշտ է, ինչպես ցույց է տալիս Մերձավոր եւ Միջին Արեւելքի փորձը, խիզախ ամերիկացի փորձարկումները աշխարհը վերափոխելու ուղղությամբ ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծումներ գտնում»,- գրում է Ալեքսանդր Կրիլովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---