Անկարան օգտագործում է քրդերին եւ պատերազմ սկսելու սպառնալիքը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար

PanARMENIAN.Net - «Ներկայումս իրավիճակը տարածաշրջանում չափազանց բարդ է եւ լարված: Այստեղ կարելի է առանձնացնել երեք գործոն. Իրաքի եւ Թուրքիայի դիմակայությունը քրդական հարցում, Իրանի միջուկային խնդիրը եւ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում: Այս ամենը չի կարող չմտահոգել Հայաստանին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Մերձավոր Արեւելքի բոլոր երկրներում կան հայկական համայնքներ եւ ՀՀ ԱԳՆ-ն պետք է շատ լուրջ եւ ուշադիր հետեւի իրավիճակի զարգացմանը:



Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նշել է, որ եթե Թուրքիան իրոք լայնածավալ գործողություն սկսի Հյուսիսային Իրաքում, դա կնշանակի ագրեսիա հարեւան պետության դեմ, որն անխուսափելիորեն կհանգեցնի լարվածության նոր շրջանի: «Այդ քայլից հետո կտրուկ կակտիվանա «քրդական գործոնը»: Քրդական աշխատավորական կուսակցությունը` ՔԱԿ-ը չափազանց վտանգավոր է Անկարայի համար: 2007 թվականի հուլիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն օգտագործեց քրդերին իր հաղթանակի համար եւ թուրքկան խորհրդարանի պատգամավորների 1/3 էթնիկ քրդեր են: Եթե իրավիճակը սրվի, ապա ԱԶԿ-ն կկորցնի մանդատների մի մասը»,-ընդգծել է Սաֆրաստյանը: Նա նաեւ ասել է, որ պատերազմը կարող է լուրջ վնաս հասցնել հարավ-արեւմտյան Թուրքիայի տնտեսությանը: «Անցյալ տարվա տվյալներով ապրանքաշրջանառությունը Հյուսիսային Իրաքի եւ Թուրքիայի միջեւ կազմել է 2,5-3 մլրդ դոլար, բիզնեսում զբացված են 200 հազար հոգի: Պատերազմը կսրի սոցիալական հարցերը բուն Թուրքիայում»,-ասել է թրքագետը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այժմ Թուրքիայում ուժեղ է հակաքրդական քարոզչությունը: «Անկարան օգտագործում է քրդերին եւ պատերազմ սկսելու սպառնալիքը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար»,-ասել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---