Թուրքիան ԱԷԿ կկառուցի

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանն երկրորդ անգամ ընդունել է երկրում ատոմային էլեկտրակայանների կառուցման եւ շահագործման մասին օրինագիծը: Էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի խոսքերով, իշխանությունները լրջորեն են մոտենում ատոմային էներգիայի արտադրման եւ վերահսկման հարցերին: Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման մասին օրինագիծն առաջին անգամ ընդունվել է խորհրդարանում ընթացիկ տարվա մայիսի 8-ին, սակայն նրա վրա վետո էր դրել այն ժամանակվա նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը:



Խորհրդարանական ընտրություններում հաղթաելուց հետո, իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը, որ գլխավորում է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, կրկին անգամ խորհրդարան է ուղարկել այդ օրինագիծը: Այն ընդունվել է հինգշաբթի ուշ երեկոյան ձայների մեծամասնությամբ, չնայած ընդդիմության եւ բնապահպանական կազմակերպությունների պահանջներին` հրաժարվել Թուրքիայում ԱԷԿ կառուցելու մտադրությունից: Օրինագիծն ուղարկվել է նախագահի հաստատմանն եւ, հավանաբար, Աբդուլլահ Գյուլը կստորագրի այն:



Թուրքիայում ԱԷԿ կառուցելու վերաբերյալ որոշումը կայացվել է կառավարության կողմից 2006 թվականին: Առաջին ատոմակայանը նախատեսվում է կառուցել 2012 թվականին: Մինչեւ 2016 թվականը Թուրքիայում մտադիր են երեք ԱԷԿ կառուցել: Դրանց կառուցումը, ըստ փորձագետների, կպահանջի 7-8 մլրդ դոլար: Թուրքական ԱԷԿ-ների ընդհանուր հզորությունը կկազմի շուրջ 5 հազար մեգավատ, այնտեղ նախատեսվում է օգտագործել PWR տիպի ռեակտորներ, որոնք աշխատում են ծանր ջրով: Իսկ միջուկային թափոնները Թուրքիան մտադիր է ուտիլիզացիայի ենթարկել արտերկրում:



Միեւնույն ժամանակ Անկարան ընդգծում է, որ թուրքական ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրելու, նրա հիմքում կլինեն թափանցիկությունը, պարզությունն ու համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի հետ, հաղորդում է ՆՏՎ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---