Սկսվել է Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման երկրորդ փուլը

PanARMENIAN.Net - Հիլզում (Կալիֆորնիա) տեղի ունեցած Ամերիկայի հայկական համագումարի 35-ամյակի ճաշկերույթին ներկայացվեցին վերանվանված Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի ճարտարապետական էսքիզների ու ցուցանմուշների մասին պատմող տեսանյութն ու բրոշյուրը: Ներկայիս ծրագրի համաձայն, թանգարան-համալիրը զբաղեցնելու է 50,000 քառակուսի ֆուտ տարածք` հետագայում ընդլայնվելու հնարավորությամբ: «Գալեգըր եւ գործընկերներ» (Gallagher & Associates) թանգարանային նախագծման ընկերության ու «Մարթինես եւ Ջոնսոն» (Martinez & Johnson) ճարտարապետական ընկերության պատրաստած ցուցանմուշների միջոցով ներկաները հնարավորություն ունեցան պատկերացում կազմել ապագա թանգարանի մասին: Այս ծրագրի առաջընթացին երկար տարիներ անհամբերությամբ սպասող համայնքը ծափահարությամբ ողջունեց թանգարանի զարգացման գործում տեղի ունեցած առաջընթացի մասին հայտարարությունը: Թանգարանի ծրագրերի ներկայացման ժամանակ ընթերցվեց նաեւ (1915թ. Թուրքիայում ԱՄՆ-ի) դեսպան Մորգենթաուի թոռան` Հենրի Մորգենթաու III-ի ուղերձը: Ուղերձում ասված է.



«Դեսպան Հենրի Մորգենթաուն կողջուներ մեր երկրի մայրաքաղաքի սրտում թանգարան կառուցելու այս նոր ու համարձակ ծրագիրը, որը նվիրված է հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելուն եւ մարդկության դեմ նման ոճրագործությունները կանխելու անհրաժեշտության մասին կրթելուն:



Փնտրելով հայերին փրկելու ուղիներ, դեսպան Մորգենթաուն նախատեսում էր նրանց ապաստան տրամադրել Ամերիկայում: Վստահ եմ, որ նա իր առաքելությունը կատարած կհամարեր` տեսնելով, թե ինչպես են հայերը նշում իրենց կենսունակության ճկուն վերականգնումը որդեգրած հայրենի երկրում»:



Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանում, ուր ներկայացված կլինեն բազմաթիվ ցուցանմուշներ, կգործեն Մարդու իրավունքների եւ Ցեղասպանության բաժին, հայկական ինքնությանը վերաբերող մուլտիմեդիա ծրագրերի բաժին, Վերապրածների թատրոն եւ Գործողություններ ձեռնարկելու կենտրոն: Նախատեսվում է, որ թանգարանը կգործի որպես բոլոր տարիքների համար մատչելի ուսումնական կենտրոն, որն ապահոված կլինի ներկայացվող մթնոլորտ ընկղմվելու հնարավորություն ընձեռող ժամանակակից տեխնիկական սարքավորումներով` այցելուներին խրախուսելու մասնակցել մարդկության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ հաղթահարել ցեղասպանության ողբերգությունը:



Մինչ այս հայտարարությունների հրապարակումն ավարտվել էր Երկրորդ փուլի պայմանագրերի կնքումը «Մարթինես եւ Ջոնսոն» (Martinez & Johnson) ընկերության հետ, որոնց համաձայն սկսվել է սխեմատիկ դիզայնի, նախագծման ու շինարարության վերաբերյալ փաստաթղթերի պատրաստումը: «Գալեգըր եւ գործընկերներ» (Gallagher & Associates) ընկերությունը նույնպես սկսել է գաղափարական նախագծման փուլի ժամանակ հաստատված ծրագրերի հիման վրա սխեմատիկ դիզայնի փաթեթի պատրաստումը: Հայոց ցեղասպանության թանգարանի ծրագրի իրականացումն այժմ ընթանում է ճիշտ հունով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---