ՀՀ վարչապետը խնդրել է Եվրախորհրդարանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ստրասբուրգ այցելության ժամանակ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` պարոն Փոթերինգը նշել է, որ տարիներ առաջ այցելելով Հայաստան` վառ տպավորություններ է պահպանել մեր գեղեցիկ երկրի մասին եւ հույս է հայտնել, որ կրկին առիթ կունենա առաջիկայում այցելելու Հայաստան: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը նկատելի ձեռքբերումներ է ունեցել ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում, ինչին հատկապես նպաստել են մեր երկրում առկա բավականին դրական պայմանները, ինչպես, օրինակ` մայիսյան խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումն ու բարեփոխված Սահմանադրությունից բխող համապատասխան օրենքների ընդունումը: Իսկ սոցիալ-տնտեսական դրական միտումներն ու շարունակական երկնիշ տնտեսական աճը, վարչապետի հավաստմամբ, լուրջ խթան են եվրաինտեգրման մեր ջանքերին: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացումը Հայաստանում դիտարկում են ոչ իբրեւ պարտականություն, այլ իբրեւ ներքին քաղաքականություն, որն, առաջին հերթին, անհրաժեշտ է հենց մեր պետությանն ու ժողովրդին: ՀՀ կառավարության ղեկավարը Եվրոպական խորհրդարանի նախագահին խնդրել է նախագահական ընտրությունների կապակցությամբ անպայման դիտորդական առաքելություն գործուղել Հայաստան: Փոթերինգը ողջունել է վարչապետի առաջարկը եւ խոստացել նրա այս ուղերձը հնչեցնել Եվրոպական խորհրդարանի նախագահների համաժողովում:



Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող խնդիրներ, խոսել են հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների ներկային եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի մասին: Մասնավորապես, ՀՀ վարչապետը խնդրել է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ինչին պարոն Փոթերինգը դրական է արձագանքել` նշելով, որ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու առաջնայնությունը Եվրոպական խորհրդարանի կողմից անընդհատ շեշտվելու է Թուրքիայի հետ տարբեր հարթությունների բանակցությունների ընթացքում:



Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր մոտեցումները եւ շեշտել, որ, չնայած Ադրբեջանում հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին, վստահ է, որ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---