Վահրամ Աթանեսյան. Արազ Ազիմովի երեւակայությունը անսահման է

PanARMENIAN.Net - Արազ Ազիմովի երեւակայությունը գերազանցեց նույնիսկ ադրբեջանական չափանիշներով` թույլատրելի սահմանները: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովոի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, նույնատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ հարեւան պետության պաշտպանության նախարարը: «Ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարարի` Լեռնային Ղարաբաղում «իրականցվելիք հակաահաբեկչական գործողությունները» ուղղված կլինեն Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների դեմ: Առնվազը զարմանալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի նկատառումները գրեթե նույնությամբ համընկնում են թուրքական որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, ինչը թույլ է տալիս հստակ եզրակացնել, որ վերջիններս հեղինակվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից եւ նպատակ ունեն հավելյալ լարվածություն սադրել հայ- թուրքական առանց այդ էլ բարդ հարաբերություններում եւ ղարաբաղյան կարգավորման հարցում Անկարային մղել էլ ավելի կոշտ դիրքորոշման»,- նշել է Աթանեսյանը:



Նման անպատասխանատու հայտարարություններ անելու փոխարեն պարոն Ազիմովը կարող էր Ադրբեջանի հանրությանը հասկանալի բացատրություններ տալ, թե արդյոք իրականությանը համապատասխանում են մամուլի այն բազմաթիվ հրապարակումները, որոնք պաշտոնական Բաքվի ուշադրությունն են հրավիրում Նախիջեւանում եւ երանբոյի շրջանում քրդական գործոնի աննախադեպ աշխուժացման փաստերի վրա: «Ամենայն հավանականությամբ` ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններում ճշմարտության բավական մեծ չափաբաժին կա, եթե նկատի առնենք նաեւ, որ երանբոյը ներկայում ներառնում է նաեւ ԼՂՀ Շահումյանի շրջանը, որը 1992 թ. հունիսից գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ եւ ենթարկվում է բռնի վերաբնակեցման: Չի բացառվում, որ նախկինում հայաբնակ եւ ԼՂՀ անբաժանելի մաս հանդիսացող այդ տարածքներում իրոք գոյություն ունեն ահաբեկչական խմբավորումների հենակայաններ, եւ Ադրբեջանի իշխանությունները, շրջանառության մեջ դնելով Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների` իբր թե ԼՂՀ- ում տեղաբաշխելու մասին վարկածը, միջազգային հանրության, այդ թվում` Թուրքիայի ուշադրությունը շեղելու փորձ են ձեռնարկում:



Այսպիսի ենթադրություն անելու համար արժե նաեւ նկատել, որ, ըստ ադրբեջանական մամուլի մի շարք հրապարակումների, Քրդական բանվորական կուսակցության գրոհայինները դեռեւս խորհրդային ժամանակներից սկսած` մշտապես զենք եւ զինամթերք ստացել են Ադրբեջանի տարածքով: Ավելացնեմ նաեւ, որ անցյալ դարի 40-ական թվականներին քրդական շարժման պարագլուխ Մուստաֆա Բարզանին մի որոշ ժամանակ ապրել է Ադրբեջանի հարավում` Լենքորանում:



Այնպես որ` պարոն Ազիմովին կարող ենք խորհուրդ տալ քուրդ ահաբեկիչներ եւ նրանց հովանավորներ փնտրել Ադրբեջանում եւ, եթե հարկ է, հակաահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ: Մանավանդ որ Ադբեջանի իշխանությունները նման փորձ ունեն, եթե դիտել տանք, որ վերջերս Իսմայիլիի շրջանում եւ Բաքվում նրանք հաջողությամբ չեզոքացրել են զինված ուժերից դասալքած եւ արմատական իսլամականության ջատագով համարվող մի սպայի գլխավորած ահաբեկչական խումբը», - ասել է Վ. Աթանեսյանը, հաղորդում է KarabakhOpen-ը:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բաքվում լրագրողներին ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հակաահաբեկչական գործողություններ իրականացնել» Լեռնային Ղարաբաղում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---