ԱՄՆ Աշխատակազմը առաջարկում է 2009 ֆինանսական տարում Հայաստանին $24 մլն. տրամադրել

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Հայաստանի աջակցությունը ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում, ինչպես նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանը մեկուսացնելու շարունակվող փորձերը, Ամերիկայի հայկական համագումարը փետրվարի 4-ին իր անհամաձայնությունը հայտնեց վարչակազմի 2009 ֆինանսական տարվա առաջարկած բյուջեին: Ինչպես նախորդ տարիներին, վարչակազմի առաջարկած բյուջեի տարբերակում նախատեսվում է անհավասար չափերի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին ու Հայաստանին: Բյուջեի ծախսերի մասով առաջարկվում է 3 մլն դոլարի օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում (FMF) հատկացնել յուրաքանչյուր երկրին, սակայն Ադրբեջանին նախատեսվում է 600,000 մլն դոլարով ավելի օգնություն հատկացնել, քան Հայաստանին (300,000 մլն դոլար)` միջազգային ռազմական ուսուցման ու մարզումների (IMET) ծրագրեր իրականացնելու համար:



AAA-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել է, որ «Հայաստանը չի հաղթել պատերազմը: Պատերազմը չի ավարտվել: Ավարտվել է միայն պատերազմի առաջին փուլը»: Նա ասել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի անկախ: «Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, ես լուրջ մտահոգություններ ունեմ Ադրբեջանին որեւէ ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ, եւ մենք հստակորեն չպետք է ավելի մեծ չափի օգնություն տրամադրենք նրան, քան Հայաստանին», - ասաց Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը:

«Ես աշխատելու եմ իմ գործընկերների հետ ապահովելու, որպեսզի Հայաստանն ունենա անհրաժեշտ միջոցներ` շարունակելու երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացը, ինչպես նաեւ իր անվտանգությունն ապահովելու համար», - ավելացրեց նա:



2009 ֆինանսական տարվա բյուջեում նախատեսվում է նաեւ 24 մլն դոլարի տնտեսական օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը մինչ օրս վարչակազմի առաջարկած ամենափոքր չափն է: Սա 34 մլն դոլարով քիչ է նախորդ տարի Կոնգրեսի հաստատած օգնության չափից, եւ 11 մլն դոլարով քիչ է 2008 ֆինանսական տարում վարչակազմի առաջարկած օգնության չափից:



Հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, կիսելով կոնգրեսական Նոլենբերգի մտահոգությունները, ասաց. «Նախագահ Բուշը բաց թողեց մի կարեւոր պահ ցուցադրելու, որ վարչակազմը լրջորեն է վերաբերվում տարածաշրջանում համագործակցության եւ տնտեսական ինտեգրացման քաղաքականությանը»:



«Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու մասին շարունակվող սպառնալիքները խոչընդոտում են տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակներին, եւ համոզված եմ, որ Կոնգրեսը կմերժի այդ մոտեցումը», - ավելացրեց Արդունին: «Բյուջեում, ուր նախատեսվում է 39 միլիարդ դոլարից ավելի տրամադրել միջազգային հատկացումների գծով, Հայաստանին 24 մլն դոլարի հատկացնելը չափազանց անհամաչափ բաշխում է: Հայաստանին հատկացվող օգնության չափը նվազեցնելու փոխարեն կոչ ենք անում վարչակազմին աշխատել Կոնգրեսի հետ` դադարեցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի երկակի շրջափակումը»: Փետրվարի 4-ին վարչակազմի առաջարկած բյուջեի ներկայացումը բյուջեի հաստատման երկարատեւ գործընթացի առաջին քայլն է: Դրան կհաջորդեն վարչակազմի առաջարկի քննարկումները Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հանձնաժողովների լսումներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---