Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեր շարժումը լուրջ քննություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ Արեւմուտքի համար

PanARMENIAN.Net - Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, անդրադառնալով Արեւմուտքի վերաբերմունքին իր ղեկավարած շարժմանը, հայտարարել է թե այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Ազատության հրապարակում, հիրավի քննություն է ժողովրդի համար, բայց դա ոչ միայն ժողովրդի համար է քննություն, այլ ավելի մեծ քննություն է Արեւմուտքի, եվրոպական կառույցների, արեւմտյան պետությունների համար: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե իրեն զարմացնում է այն, որ Արեւմուտքը, ի դեմս Միացյալ Նահանգների, Եվրամիության, Եվրամիության երկրների ու ԵԱՀԿ-ի, Հայաստանում առկա վիճակի հանդեպ հանդես չի գալիս հրապարակային հայտարարություններով:



Լեւոն Տեր-Պետրոսյանը դժգոհել է նաեւ միջազգային դիտորդներից, ասելով, որ նրանք ընտրությունները դիտարկում են ոչ թե որպես պրոցես, այլ որպես քվեարկություն: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, խայտառակություն է չտեսնել այն, ինչ կատարվել է ընտրությունից դեռ ամիսներ առաջ ու նաեւ հիմա, եւ ասել, թե միայն տալիս են ընդհանուր գնահատական: Մինչդեռ, շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արեւմուտքի` Միացյալ Նահանգների, Եվրամիության երկրների, ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ձեռքում է Հայաստանի ժողովրդավարության բախտը: 10 օրվա ընթացքում այդ պետությունները հնարավորություն ունեն անել քայլեր: «Նրանցից պահանջվում է մեկ քայլ, անել ամեն ինչ, որպեսզի անվավեր ճանաչվի փետրվարի 19-ի ընտրության արդյունքը եւ նշանակվի նոր ընտրություն, հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, եթե աշխարհը չարձագանքի, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ինքն է ասում, նրանց չի մեղադրի հայ ժողովրդին, Հայաստանի համաժողովրդական շարժմանը դավաճանելու համար, որովհետեւ եթե Եվրոպան չարձագանքի, ապա նա կդավաճանի ոչ թե հայ ժողովրդին, այլ կդավաճանի ժողովրդավարությանը, ազատական արժեքներին, եվրոպական քաղաքակրթությանը:





Անդրադառնալով Ռուսաստանի պարագային` Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե Ռուսատանը կանգնած է դիլեմայի առաջ` կամ Ռուսաստանը պետք է պաշտպանի Հայաստանում գործող ռեժիմին եւ կորցնի հայ ժողովրդի համակրանքը, իսկ դա լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար, կամ պետք է կանգնի հայ ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի կողքին եւ այդպիսով ի դեմս մեր երկրի ձեռք բերի շատ արժեքավոր, ռազմավարական գործընկեր: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշատակել է, որ Ռուսաստանն ունի Ուկրաինայի եւ Վրաստանի փորձը, իսկ այժմ իրականացնում է բավական լուրջ եւ արդիական միջազգային քաղաքականություն:



1988 թվականին համազգային Շարժման շնորհիվ Հայաստանն ունեցավ երկու խոշոր նվաճում, որոնք ունեին համաշխարհային նշանակություն` ժողովրդավարություն եւ Ղարաբաղի ազատագրում: Այդ միտքը արտահայտել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, փետրվարի 28-ին հանդես գալով Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցների առաջ: Սակայն ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, 1998 թվականից հետո, այդ նվաճումները փաստացի մատնվել են կորստի, «իսկ Հայաստանն էլ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության հետեւանքով վերածվել է խանական մի պետության, ուր նախագահը ամեն ինչ եւ ամեն ոքի, համարում է իր սեփականությունը»: Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հասավ այն բանին, որ Հայաստանն այլեւս աշխարհի համար կորցրեց հետաքրքրությունը, որ Հայաստանից ոչինչ կախված չէ, որ մեր ոչ մի հարեւան չունի Հայաստանի կարիքը: Նա նշել է, որ գործոն դառնալու այդ ճանապարհի կարեւորագույն քայլերից են Ղարաբաղի հարցի լուծումը եւ բլոկադայի վերացումը, որից հետո միայն Հայաստանը կարող է դառնալ գործոն եւ իր հարեւանների հետ լինել փոխկապակցված: «Կա մի հարց, որը կարող է լուծում ստանալու դեպքում Հայաստանն արդեն իսկ շատ կարճ ժամանակում, նույնիսկ օրեր անց դարձնել լուրջ տարածշրջանային եւ միջազգային գործոն: Դա, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանում ժողովրդի իշխանության եւ ժողովրդավարության հաստատումն է: Երբ ժողովուրդը գա իշխանության, ապա որեւէ երկիր այլեւս չի կարող հաշվի չնստել այդ գործոնի հետ»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---