Բաքու. ՄԱԿ-ի բանաձեւը Ղարաբաղի հարցով բանակցությունների համար չափանիշներ է բացում

PanARMENIAN.Net - «Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ դա նշանակում է Հայաստանի զորքերի դուրս բերումը բոլոր բռնազավթված տարածքներից, այդ թվում Լեռնային Ղարաբաղից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը: Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կարգավորման այդ փուլին հաջորդող շրջանում»:



«Իսկ այն, որ համանախագահ երկրները դեմ են քվեարկել ՄԱԿ-ի բանաձեւին, որտեղ ներկայացված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության նույն սկզբունքները, նուրբ ասած, անհասկանալի է եւ սխալ: Բանաձեւում, որն ընդունվել է ՄԱԿ-ում, արտացոլվել է Մադրիդի առաջարկությունների մի մասը: Եթե ընդունված է ՄԱԿ-ի բանաձեւը, ապա բոլորը, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ Հայաստանը պետք է կատարեն այն»,- ասել է նա: Խոսելով Մինսկի խմբի գործունեությունից մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ պատգամավորների դժգոհությունից` նա ընդգծել է, որ «դա կարելի է հասկանալ»: Նրա խոսքերով, «համանախագահներն իրենք պետք է հասկանան, որ ադրբեջանական հասարակությունը դրական չի ընդունի նման քայլերը եւ դա, իհարկե, կարող է արտացոլվել նրանց գործունեության վրա»:



«Ներկա դրությամբ, մենք շարունակում ենք աշխատանքը համանախագահների հետ: Փարիզում կայացել է Էլմար Մամեդյարովի հանդիպումը նրանց հետ: ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումից առաջ եւ հետո մենք հայտարարել ենք համանախագահներին, որ նրանց գրաված դիրքորոշումը սխալ է: Սակայն դեռեւս խոսք չկա բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին: Միեւնույն ժամանակ, բանաձեւը, որն ընդունվել է ՄԱԿ-ում, չափանիշներ է ստեղծում բանակցությունների համար»,- ասել է նա, հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգում անհրաժեշտ է ընդգրկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հավանություն ստացած Ղարաբաղի հարցով բանաձեւը: Մասնավորապես, արժէ հարցնել Իլհամ Ալիեւին, արդյոք նա հավատում է այդ բանաձեւի կետերին եւ արդյոք նա մտադիր է ղեկավարվել դրանով ղարաբաղյան կարգավորման հարցում, թե ամեն դեպքում պատրաստ է շարունակել բանակցությունները, գիտակցելով, որ ՄԱԿ-ում ներկայացված փաստաթուղթը այլ նպատակներ ունի: Իսկ եթե Ադրբեջանի նախագահը մտադիր է պնդել բանաձեւի սկզբունքները, ապա Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի բանակցությունների հետագա շարունակության անիմաստության մասին: Այդ դեպքում հայկական կողմը պետք է վերանայի իր մոտեցումները եւ հատուկ ուշադրոթյուն դարձնի ԼՂՀ անվտանգության ապահովմանը: Սակայն, հավելել է Վարդան Օսկանյանը, եթե Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթի հիման վրա, ապա «մենք եւս պատրաստակամություն ենք հայտնում՝ շարունակել բանակցությունները»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---