Նենսի Փելոսին կոչ է արել կոնգրեսականներին չենթարկվել «բերանը փակելու» քաղաքականությանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Ես խորապես սգում եմ, իրոք սգում եմ այն ամենի պատճառով, ինչ կատարվել է մոտ 100 տարի առաջ: Սակայն ես նաեւ վշտացած եմ, որ ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին չափազանց շատ ժամանակ է պետք Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 24-ին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Փելոսին կոչ է արել իր գործընկերներին Կոնգրեսում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդպիսով հակազդելով «բերանը փակելու» քաղաքականությանը, որը վարում է Թուրքիան ամերիկացի օրենսդիրների նկատմամբ, միլիոնավոր դոլարներ ծախսելով Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության վրա: Պալատի խոսնակը նաեւ օրինակ է բերել ժամանակակից օրերից, ցուցադրելու համար ինչի կարող է բերել Հայոց ցեղասպանության հերքումը: «Ինձ բազմաթիվ անգամներ հարցրել են` ինչու է ինձ դա պետք, չէ որ անգամ եթե դա ցեղասպանություն էր, դա շատ վաղուց է եղել»: Ես պատասխանել եմ նրանց, որ այսօր մեր մոլորակի վրա ցեղասպանություններ են լինում. դա եղել է Ռուանդայում, այսօր նույնը կատարվում է Դարֆուրում: Հենց այդ պատճառով էլ մենք պետք է ընդունենք հայտարարություն Ցեղասպանության մասին, որը, ինչպես գիտենք, եղել է, եւ կարեւոր չէ` երբ է դա եղել»,- ընդգծել է Փելոսին:



«Ամերիկացիները չեն հավանում, երբ նրանց բերանը փակում են, ինչի ապացույցը մենք տեսանք այս տարի` ապրիլի 24-ին, եւ մշտապես տեսնում ենք Կոնգրեսում: Ամերիկացիները չեն ընդունում արտերկրյա պետության փորձերը` թելադրել քաղաքականությունը մարդու իրավունքների բնագավառում, եւ Թուրքիայի գործողությունները` ուղղված ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խոչընդոտմանը, վիրավորում է նրանց»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Իր հերթին, Պալատի մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը համաձայնվել է խսնակի հետ եւ նշել. «Չկարծեք, որ այս բանաձեւը վերաբերում է միայն 1915-1923 թվականանների իրադարձություններին: Սա որոշում է, որը հանդիսանում է ուղերձ ոչ միայն թուրքերին եւ հայերին, այլեւ բոլոր մյուս ժողովուրդներին այն մասին, որ մենք պետք է ճանաչենք անցյալի սխալները, որքան էլ ահավոր դրանք չլինեն, եւ որքան էլ մենք չցանկանայինք հերքել դրանք: Սակայն եթե մենք դա չանենք, մեր երեխաները եւս չեն ճանաչի պատասխանատվությունը նման հանցագործության կրկնությունը թույլ չտալու համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---