Հարավային Կովկասը լրջորեն գրավում է մերձակա ոչ կովկասյան հարեւանների` Ղազախստանի եւ Ուկրաինայի ուշադրությունը

PanARMENIAN.Net - Այսօր այնպիսի գաղափարը, ինչպիսին է Հարավային Կովկասի «ինտերնացիոնալացումը», ինտենսիվորեն քննարկվում է Ռուսաստանի եւ Անդրկովկասի նախկին երեք հանրապետությունների փորձագիտական շրջանակներում: Սակայն բոլոր խոսակցությունները արտաքին կամ ոչ տարածաշրջանային խաղացողների մասին, որպես կանոն, սահմանափակվում է ԵՄ քաղաքակնության (առաջին հերթին խոսքը «նոր հարեւանության» քաղաքակնության մասին է Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում) կամ ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» աշխարհաքաղաքական նախագծի մասին»,-գրում է մամուլի «Նովոստի» գործակալությունը: Մինչդեռ, ըստ պարբերականի, Հարավային Կովկասը լրջորեն գրավում է ոչ միայն եվրոպացի եւ ամերիկացի քաղաքական գործիչների, այլ նաեւ մերձակա ոչ կովկասյան հարեւանների եւ նույնիսկ ԱՊՀ-ում Ռուսաստանի ռազմավարական գործընկերների ուշադրությունը: Սակայն Կովկասում նրանց գերակայությունների եւ շահերի մասին քիչ բան է հայտնի: «Սակայն, դրանից, «կովկասյան խաղի» պոտենցիալ նոր խաղացողների հավակնությունները չեն նվազում: Վերջին մի քանի տարում իրենց կովկասյան մոտեցումների մասին հստակ հայտարարում են Ղազախստանն ու Ուկրաինան..Կիեւի եւ Աստանայի կովկասյան կուրսը մեկ բանի մասին է վկայում: ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին միութենական հանրապետություններն այլեւս չունեն «եղբայրական համերաշխության» եւ պատմական «երախտագիտության» զգացմունքներ: Կա լոկ ազգային եսասիրություն եւ սեփական շահեր` տնտեսության եւ քաղաքականության մեջ: Միայն այդ շահերն են (այլ ոչ թե եվրասիական միասնության եւ խորհրդային անցյալի ֆատոմները), որ որոշում են նորանկախ պետությունների քաղաքականությունը: Ուստի Աստանան ու Կիեւը կանեն Վրաստանում եւ Ադրբեջանում ոչ թե այն, ինչ նրանցից ուզում են Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ այն, ինչը ազգային ղազախական եւ ուկրաինական էլիտան շահավետ է համարում իր համար: Եվ ոչ մի փաստարկներ «խամաճիկ Սահակաշվիլու» կամ «Ադրբեջանի ռազմականացման» մասին հաշվի չեն առնվի, եթե չլինեն սեփական դրդապատճառներ:



Ի դեպ, ոչ Ուկրաինան, ոչ Ղազախստանը նորեկներ չեն Կովկասի տարածաշրջանում: Դեռեւս Խորհրդային Միության ժամանակ Նազարբաեւն առաջարկում էր իր միջնորդական ծառայությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը Նազարբաեւի հետ այցելեց սեպտեմբերի 21-23-ին 1991 թվականին ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, այդ թվում Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Այցի արդյունքը համատեղ կոմյունիկեն է, ստորագրված 1991թ. սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ դիտորդի կարգավիճակով: Ժելեզնովոդսկի կոմյունիկեի նպատակներն էին իրավիճակի կայունացումը տարածաշրջանում եւ բռնագաղթված բնակչության վերադարձը իրենց բնակության վայրը, պատանդների ազատ արձակումը, հակամարտության գոտում Ռուսաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչներից բաղկացած լրատվական խմբերի տեղակայումը : 1991 թվականին Նազարբաեւի միջնորդական առաքելությունը չպսակվեց հաջողությամբ: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո եւս Ղազախստանը հավակնում էր եւ հավակնում է հետխորհրդային տարածքի ինտեգրողներից մեկի դերին: Նման մտադրությունները միանգամայն պրագմատիկ հիմք ունեն: 1991 թվականից ի վեր Ղազախստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է դիվերսիֆիկացման կուրսը, կայուն հարաբերությունների պահպանումն ինչպես «մեծ խաղացողների» (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ), այնպես էլ առանձին հետխորհրդային պետությունների հետ: Արտաքին քաղաքականության նման կուրսի համար պրագմատիզմը գաղափարախոսությունից կարեւոր է»,-գրում է «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---