Զուրաբ Տոդուա. Միթե՞ Բաքվում ինչ-որ մեկը լրջորեն կարծում է, որ Հայաստանը կփոխանակի Ղարաբաղը Թուրքիայի հետ սահմանը բացելու դիմաց

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ չէ դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործողությունները: Այդ մասին հայտարարել է ռուս փորձագետ Զուրաբ Տոդուան: Նրա կարծիքով, դեռեւս երկար ժամանակ այդ թեման չափազանց ցավոտ կլինի Հայաստանի եւ հայերի համար: «Այդ խնդիրը չափազանց կարեւոր տեղ է զբաղեցնում հայ հասարակության քաղաքական հայացքների համակարգում: Փոխել դա կարճատեւ ժամանակում հնարավոր չէ: Միայն տեւական ժամանակ անց այդ խնդիրը կարող է երկրորդ պլան մղվել, իսկ հեռանկարում` անցնել պատմության գիրկը: Եվ դա կարող է տեղի ունենալ հենց այն դեպքում, եթե սկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ակնհայտ է, որ սահմանի բացումն ու տարածքների վերադարձը ոչ համարժեք բաներ են: Տարօրինակ է, որ նման հարցադրում ընդհանրապես գոյություն ունի: Միթե՞Ադրբեջանում ինչ-որ մեկը լրջորեն կարծում է, որ հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց Հայաստանը կհամաձայնվի վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Կարծում եմ, խոսք կարող է գնալ միայն Երեւանի դիրքորոշոման որոշ մեղմացման մասին հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում»,-գտնում է փորձագետը:



Ըստ Տոդուայի, Լեռնային Ղարաբաղի հարցով առաջին հերթին պետք է զբաղվեն Ադրբեջանի ղեկավարությունն ու հասարակությունը: «Տարօրինակ կլիներ, եթե Անկարան ավելի մտահոգ լիներ այդ հարցով, քան Բաքուն: Պետք է գիտակցել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ղարաբաղյան հակամարտությունը չի զբաղեցնում ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ նույնիսկ երրորդ տեղը: Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը ԵՄ-ին անդամակցելն է: Դա անհրաժեշտ է երկրի տնտեսական զարգացման համար: Եվրամիությունը կոշտ պայմաններ է առաջադրել: Նա պահանջում է փոխել Թուրքիայի քաղաքականությունը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հարցում, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երկխոսության գնալ քրդերի հետ: Թուրքիան բարդագույն վիճակում է գտնվում: Նա սատարում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը եւ միեւնույն ժամանակ պայքարում է քուրդ անջատողականների դեմ: Դա շատ ծանր բեռ է: Իրար բացառող սկզբունքների վրա հիմնված քաղաքականություն վարել ի զորու են միայն հարուստ եւ հզոր պետությունները: Թուրքիան այդ պետությունների թվին չի պատկանում: Եվ պետք չէ պահանջել Թուրքիայից ավելին, քան նա ի զորու է անել»,-ընդգծել է Տոդուան, գրում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---