Երեւանի զուսպ դիրքորոշումը Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցում կարող է բավականին տեւական լինել

PanARMENIAN.Net - «Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի պաշտոնական հայտարարությունն արվեց օգոստոսի 26-ին: Ի դեպ, շատ քաղաքական գործիչների համար, այդ թվում Հայաստանում, ՌԴ ղեկավարության նման որոշումը եղավ ինչպես ամպրոպը պարզ երկնքում: Իրոք, մինչ օգոստոսի 7-8 իրադարձությունները Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման հեռանկարները, մեղմ ասած, անորոշ էին, թեեւ որոշ առաջխաղացում գրանցվեց Կոսովոյի ճանաչումից հետո»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը:



Նրա խոսքերով, միեւնույն ժամանակ, վրացական հարձակման անխուսափելիությունն ակնհայտ էլ բոլորի համար, ով ուշադիր հետեւում էր իրադարձությունների դինամիկային Կովկասում վերջին մի քանի ամիսներին: «Վրաց ագրեսիայի ետ մղման հետ, որը փոխարինվեց Սարկոզիի խորամանկ միջնորդությամբ (որի ակնհայտ նպատակն էր փրկել Սահակշվիլիին վերջնական ջախջախումից), տեղի ունեցան անդառնալի փոփոխություններ: Բոլորովին ակնհայտ դարձավ, որ ճանաչումը տեղի կունենա, ընդ որում ավելի շատ շուտ, քան ուշ, եւ «կախված» այս հարցը չի մնա: Ինչն էլ տեղի ունեցավ` ցանկացած այլ որոշում նախկին վրացական ինքնավարությունների կարգավիճակի վերաբերյալ (ինչպես նաեւ որոշման բացակայությունը, ինչը կարող էր քողարկվել ՄԱԿ-ում անարդյունք քննարկումներով) ավելի շատ վնաս կհասցներ Ռուսաստանին, քան Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի պաշտոնական ճանաչումը»,-ասել է ռուս փորձագետը:



Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, ապա, ըստ Արեշեւի, ստեղծված իրավիճակում նա շատ նեղ դաշտ ունի գործելու համար: «Մի կողմից` Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակից է, որ Հայաստանի հետ նույն` ՀԱՊԿ կազմակերպության մեջ է: Մյուս կողմից` հայտնի կոմունիկացիոն կախվածությունը Վրաստանից: Վրաստանի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակ է, եւ օդային հաղորդակցությունը ստիպված իրականացվում է նաեւ Ադրբեջանի տարածքով: Անշուշտ, այս հարցը ժամանակի հետ կլուծվի, սակայն առկա պայմաններում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը զուսպ կլինի եւ դա կարող է բավական երկար տեւել: Սերժ Սարգսյանի հայտարարություններն լիովին համարժեք էին ստեղված իրավիճակին, այն դեպքում երբ նրա հայտնի ընդդիմախոսի «ռուսամետ» արտահայտությունները բացահայտ պոպուլիստական եւ ոչ այնքան մաքուր բնույթ էին կրում:



Կարծում եմ, այժմ որոշ հնարավորություններ են ստեղծվում վիճահարույց հարցերի ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: Ռուսաստանը ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրելով ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, կարող է հասնել ինչպես Երեւանի, այնպես էլ` Ստեփանակերտի որոշակի ակտիվացման` ի դեպ, ԼՂՀ ԱԳՆ-ում արդեն ողջունել են Դմիտրի Մեդվեդեւի օգոստոսի 26-ի հայտարարությունը: Անշուշտ, Մոսկվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցում կլինեն որոշ քաղաքական սահմանափակիչներ` ինչպես եւ Երեւանի կողմից Սուխումի եւ Ցխինվալի ճանաչման հարցում: Այդ սահմանափակումները կարող են գոյություն ունենալ բավական երկար ժամանակ, սակայն դրանք չպետք է խոչընդոտեն, ասենք, հումանիտար հարցերի լուծմանը: Օրինակ, Վրաստանը, հայտարարելով ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, բոլորովին չի պատրաստվում դադարեցնել հյուպատոսական հարաբերությունները: Մինչդեռ, Ռուսաստանում բնակվող ղարաբաղցիների թիվը, գուցե, համեմատելի է վրաստանցիների թվի հետ...»,-ասել է Ա.Արեշեւը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---