ՀՅԴ. Հայաստանը եւ Թուրքիան պետք է ջանքեր ուղղեն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-10-ը Երեւանում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի արտահերթ լիագումար նիստը: Օրակարգի հիմնական նյութերն էին մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական բարդ կացությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները: Հանգամանորեն քննարկելով Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները` ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստը անհրաժեշտ համարեց հանրության ուշադրությանը հանձնել հատկապես հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ոլորոտում ՀՅԴ մի քանի սկզբունքային դիրքորոշումներ:



«Հայաստանն ու Թուրքիան, իբրեւ հարեւան պետություններ, փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ ջանքեր պետք է գործադրեն: Սակայն մենք համոզված ենք, որ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն»,- ասվում է ՀՅԴ արտահերթ պլենարային նիստի հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել:



«Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությանը, դրան հետեւած նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներին պետք է հաջորդեն Թուրքիայի կողմից որոշակի դրական քայլեր: ՀՅ Դաշնակցությունը ակտիվորեն հետամուտ է լինելու, որ պաշտոնական հանդիպումները չմնան լոկ որպես Թուրքիայի համար քարոզչական հնարավորություններ»,- ասվում է հայտարարության մեջ: «ՀՅԴ-ի համար բացարձակապես անընդունելի է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը մեր պետութեան ինքնիշխան ու կենսունակ լինելիութեան եւ սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին: Թուրքիան կարող է հավակնել տարածաշրջանային նախաձեռնությունների, եթե արմատական փոփոխության ենթարկի իր «հայկական քաղաքականությունը»: Նա Արցախի հիմնախնդրում չպետք է Հայաստանի հետ խոսի նախապայմաններով եւ Հարավային Կովկասում պետք է հրաժարվի բաժանարար գծերի խորացման, շրջափակման եւ մեկուսացման քաղաքականությունից»,-հայտնել է ՀՅԴ Բյուրոն:



«1998-ից ի վեր Հայաստանը իրականացնում է ազգային-պետական գաղափարախոսության հենքով արտաքին քաղաքականություն, որի ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»:



«ՀՅԴ-ն իր գործունեության հիմնական առաջադրանքներից մեկը համարել եւ համարում է այս ուղեգծի շարունակականության ապահովումը»,- ասվում է ՀՅԴ հայատարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---