Թուրքիան Հայաստանին չի դիտարկում որպես թշնամի, բայց ԱՄՆ-ին զգուշացնում է ոչ մի դեպքում չճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանին չի դիտարկում որպես սպառնալիք կամ թշնամի եւ այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետի` արտաքին քաղաքականության գծով խորհրդական Ահմետ Դավութօղլուն Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք պետք է բաց պահենք մեր սրտերը, միտքն ու գիրկը միմյանց ընդառաջ»,- ավելացրել է նա:



Բայց ավելի ուշ թուրքական լրագրողների հետ զրույցում Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ բացասապես կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերի վրա:



Իսկ թուրքական իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության ներկայացուցիչ Սուատ Քինիքլիողլուն, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Անկարայի արձագանքը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում, հայտնել է. «Թուրքիան կմոռանա գործընկերության մասին»:



Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի կարգադրությամբ Ահմետ Դավութօղլուն եւ Սուատ Քինիքլիողլուն ԱՄՆ էին մեկնել, որպեսզի հանդիպումներ անցկացնեին ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներ Բարակ Օբամայի եւ Ջոն ՄըկՔեյնի խորհրդականների հետ: Այդ հանդիպումների ընթացքում նրանք երկու թեկնածուների խորհրդականներին ներկայացրել են Անկարայի դիրքորոշումը մի շարք հարցերի, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի, PKK դեմ պայքարի, Կիպրոսի հիմնախնդրի եւ այլ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---