Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի դերը ԼՂՀ զարգացման գործում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում:



Նոյեմբերի 19-ին Բակո Սահակյանը Բոստոն քաղաքում հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ), ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի, ՀՅԴ երիտասարդական միության, «Հոմենտմեն» միության եւ «Համազգային» մշակութային միության ներկայացուցիչների հետ: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՕՄ կենտրոնական գրասենյակում: Հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերին, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:



Բակո Սահակյանն ընդգծել է, որ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների, մասնավորապես, ՀՕՄ-ի հետ փոխհարաբերությունների նոր ձեւաչափն արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները: Ըստ նախագահի, այդ ձեւաչափը, որի հիմքում սփյուռքահայ կազմակերպությունների եւ ԼՂՀ գործադիր իշխանության միջեւ սերտ փոխգործակցությունն է, արդյունավետ համագործակցության հուսալի գրավականն է: Երկուստեք կարեւորվել է Արցախ-Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնման եւ դրանց նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նախագահ Սահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել սփյուռքահայ երիտասարդների եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդման, Արցախ այցերին ավելի հաճախակի բնույթ հաղորդելու եւ հայրենիքի զարգացման գործում մասնակից դարձնելու խնդրին:



Նույն օրը ԼՀՂ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի նախագահ (AAA) Քերոլայն Մուգարի, փոխնախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունիի եւ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Ամերիկայի հայկական համագումարի եւ Արցախի միջեւ համագործակցության ներկա փուլը, ինչպես նաեւ ընդլայնման ու խորացման հեռանկարները: Բակո Սահակյանը բարձր է գնահատել համագումարի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման գործում` միաժամանակ նշելով Արցախում ժամանանակից գիտատար տեխնոլոգիաների ներդրման, կրթության զարգացման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման խնդիրներին առանձնակի ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:



Այնուհետեւ ԼՂՀ նախագահը մասնակցել է Ամերիկայի Հայկական Համագումարի «Նոր Անգլիա» տարեկան շրջանային հավաքին: Միջոցառմանը ներկա էին համագումարի ղեկավարությունը` հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Բոստոնի ու Մասաչուսեթս նահանգի հայ համայնքների ներկայացուցիչներ: Բակո Սահակյանը հավաքվածներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ: Նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---