Բրյուսելում ստորագրվել է մի հռչակագիր, որը Թուրքիային կոչ է անում ճանաչել իր կողմից իրագործված ցեղասպանությունները

PanARMENIAN.Net - Բելգիայի դեմոկրատների հայկական Ասոցիացիան, Բելգիայի ասորիների Ասոցիացիան, Բրյուսելի Քրդական ինստիտուտը, Բելգիայի Հայկական ֆեդերացիան եւ Ինֆո-թուրք ֆոնդը նոյեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրել են համատեղ հռչակագիր, որում թուրքական կառավարությանը կոչ են անում հարգել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների իրավունքները, հրաժարվել կրոնական եւ ռասայական գերակայության գաղափարից եւ հրապարակավ ճանաչել Անատոլիայի հայ, ասորի, քուրդ բնակչության` իր կողմից իրագործված ցեղասպանությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Եվրոպայի Հայկական ֆեդերացիայում: «Երեք հազարամյակի ընթացքում Անատոլիան հանդիսացել է հայերի, ասորիների, հույների, արաբների, քրդերի, թուրքերի եւ այլ ազգերի հայրենիքն ու բնակության վայրը: Բայց Օսմանյան, իսկ այնուհետեւ` Քեմալական Թուրքիայի կառավարությունը արեց ամեն ինչ, որպեսզի փոխի պոլիէթնիկական Անատոլիան` ոչնչացնելով եւ տեղահանելով տարածաշրջանի հայկական, հունական, քրդական, ասորական բնակչությանը: Թուրքական իշխանությունները խրախուսում էին նաեւ ուսմունքը, որի համաձայն Անատոլիայի բնիկ բնակչությունը թուրքերն էին»,- ասվում է հռչակագրում: Նրանում նաեւ նշվում է, որ ցեղասպանությունների ժխտման Անկարայի քաղաքականությունը նպաստում է, որպեսզի թուրք գաղթականները, ինչպես նաեւ որոշ եվրոպացի պաշտոնյաները ատելությամբ վերաբերվեն Եվրոպայում բնակվող հայերին, քրդերին, ասորիներին:



Հռչակագիրը ընդունվել է թուրքական Դերսիմ, այժմ` Թունջելի քաղաքի հայկական բնակչության զանգվածային սպանությունների 70-ամյա տարելիցի առթիվ օրերս Եվրոխորհրդարանում կայացած համագումարի արդյունքներով: Համագումարին մասնակցել են եվրոպական երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի ավելի քան 200 ներկայացուցիչներ: Պաշտոնական Անկարան ամեն կերպ խոչընդոտում էր այդ համագումարի անցկացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---