Վիեննայում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկի եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանավորությամբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վիեննայում անցկացվել են «Հայկական օրեր» ընդհանուր խորագրով միջոցառումներ` ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բոլոր միջոցառումները տեղի են ունեցել «Ուրանիա» կենտրոնում, որը ստանձնել էր նաեւ հովանավորությունը: «Հայկական օրերի» առաջին երկու երեկոները կայացել են հոկտեմբերի 16-ին եւ 30-ին, որոնց ընթացքում համերգներով ելույթ են ունեցել հայ եւ ավստրիացի երաժիշտներ, ընթերցվել են զեկույցներ Հայաստանի եւ Գյումրիի մասին, ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր: Միջոցառումներին մասնակցել են Ավստրիայի պաշտոնական եւ հասարակական շրջանակների, դիվանագիտական կորպուսի, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:



Միջոցառումները բարեգործական բնույթ էին կրում, եւ հավաքված գումարը տրամադրվելու է հիվանդանոցին նոր բժշկական սարքավորումներ, դեղորայք առաքելու, ինչպես նաեւ հիվանդանոցի բժշկական անձնակազմին Ավստրիայում վերապատրաստելու համար:



1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11.41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները, հիմնահատակ ավիրեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժեցին 21 քաղաքներ եւ շրջաններ, 350 գյուղ, որոնցից 60-ը ամբողջապես քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, մոտ 100 հազարը վիրավորվեցին, շատերը անդամալույծ դարձան, շուրջ 500 հազարը մնացին անօթեւան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---